ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հետ համագործակցությամբ լույս է ընծայել «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի հայոց պատրիարքարան» գիրքը՝ աշխատասիրությամբ Լուսինե Սահակյանի, Անի Ոսկանյանի, Անի Սարգսյանի (խմբագրակազմ՝ Վահրամ Շէմմասսեան, Վաչե Բրուտյան, Ռուբեն Մելքոնյան, Միհրան Մինասյան, Ալեքսանդր Սաֆարյան, Սերգեյ Վարդանյան, Սեդա Գասպարյան, Վարուժան Պողոսյան)։
Գրքում առաջին անգամ ցուցակագրվել և մանրամասն նկարագրվել են 1938 թվականից Երուսաղեմի հայոց պատրիարքարանում պահվող 1919-1922 թվականների Կ. Պոլսի հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանի հովանու ներքո ստեղծված «Տեղեկատու դիվանի»՝ «Հայկական հարցի և հայոց ցեղասպանության» 11 տուփից բաղկացած անմշակ արխիվի առաջին տուփի վավերագրերը՝ համապատասխան ծանոթագրություններով։ Այն ընդգրկում է 635 վավերագրի (2038 էջ) նկարագրություն՝ հայերենով, օսմաներենով, ֆրանսերենով, անգլերենով, գերմաներենով, ռուսերենով։
Տասնմեկ տուփերում պահվող բազմահազար էջանոց բացառիկ այս արխիվն ունի աղբյուրագիտական եզակի արժեք և նշանակություն։ Այն մանրամասներ է հաղորդում 1912-1922 թվականների Հայկական հարցի զարգացման հանգրվանների և Հայոց ցեղասպանության ուսումնասիրության մասին։
Արխիվում են հավաքված հայ և օտար քաղաքական, հասարակական, հոգևոր գործիչների, դիվանագետների բազմաթիվ զեկույցներ, տեղեկագրեր, նամակներ, ականատեսների վկայություններ և օրագրեր։
Արխիվում տեղ են գտել ինչպես Առաջին աշխարհամարտից առաջ, այնպես էլ հետո Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ վայրերի հայ բնակչության, որբերի, բռնի իսլամացված ու առևանգված հայերի, նյութական կորուստների վիճակագրական ցանկեր, առաջնորդարաններից Կ. Պոլսի պատրիարքարան ուղարկված նամակներ, Օսմանյան իշխանությունների՝ հայերի բնաջնջման հրամանագրեր, երիտթուրք ոճրագործների անվանացանկեր, քեմալականների իրականացրած ոճրագործությունները վկայող վավերագրեր և այլն։
«Տեղեկատու դիվանի» այս եզակի արխիվը ստեղծվել է որպես հայց՝ Օսմանյան ռազմական ատյաններում Հայոց ցեղասպանության կազմակերպիչ պատասխանատուներին ու մասնակից հանցագործներին օրինական պատժելու և արդարությունը վերականգնելու նպատակով։