ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի թիմը Թուրքմենստանում կազմակերպված Քիմիայի միջազգային 3-րդ օլիմպիադային նվաճել է 2 արծաթե մեդալ:
Թուրքմենստանում անցկացվեց Քիմիայի միջազգային 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել են շուրջ 220 ուսանողներ աշխարհի 23 համալսարաններից (Ռուսաստանի Դաշնություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Ռումինիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիա, Բելառուսիա, Ղազախստան, Հայաստան, Տաջիկստան, Ադրբեջան և Ուզբեկստան), այդ թվում՝ ուսանողներ երկրի 21 բարձրագույն ուսումնական հաստատություններից։
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող թիմում ընդգրկված էին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի «Քիմիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Հայկ Աղեկյանը, 1-ին կուրսի ուսանող Արտավազդ Արաբաչյանը, 4-րդ կուրսի ուսանողներ Մարիամ Հարությունյանը և Անահիտ Ջիլիկյանը։
Երևանի պետական համալսարանի թիմը, չնայած օլիմպիադայի բարդությանը, գրանցել է բարձր արդյունքներ։ Հայկ Աղեկյանը և Արտավազդ Արաբաչյանը արժանացել են արծաթե մեդալների, իսկ Մարիամ Հարությունյանը և Անահիտ Ջիլիկյանը գրանցել են բավականին բարձր ցուցանիշներ՝ ստանալով մասնակցության հավաստագիր։
Թիմը ղեկավարում էր Ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Լիանա Սերգեյի Գաբրիելյանը։