ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Կառավարում» բակալավրի կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողների համար անցկացվեց «Նախագծերի կառավարման պրակտիկ խնդիրները կազմակերպությունում» թեմայով վարպետության դաս, որը վարեց «Team Solutions» ընկերության գործադիր տնօրեն, ֆակուլտետի շրջանավարտ Տաթև Ավագյանը:
Վարպետության դասի շրջանակում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու կազմակերպության` տարբեր ուղղություններով իրականացվող նախագծերին և ոլորտային առանձնահատկություններին ու խնդիրներին, ինչպես նաև ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը: Դասի ընթացքում կատարվեց նաև ուսանողների թիմային աշխատանք։ Ձևավորված երեք թիմերին հանձնարարվեց ներկայացնել որևէ նախագծի ընդհանրական տեսլական և հնարավոր ռիսկեր` համապատասխանաբար պետական, տեղեկատվական տեխնոլոգիաների և որևէ այլ բիզնես ոլորտում: Առաջադրանքի շրջանակում ուսանողները դրսևորեցին թիմային աշխատանքի, ակտիվ և արդյունավետ հաղորդակցական, վերլուծական և քննադատական մտածողության հմտություններ ու կարողություններ:
Վարպետության ինտերակտիվ դասն անցկացվեց մոտիվացնող և անմիջական մթնոլորտում:
Նշենք, որ լավագույն ուսանողներին հնարավորություն ընձեռվեց հետագայում ուսումնական պրակտիկան անցնելու ընկերությունում։