ԵՊՀ պատմության ֆակուլտետում անցկացվեց «Հայաստան-Վրաստան-Իրան փոխհարաբերությունների վերաբերյալ ուսումնասիրությունների ինտեգրումը կրթական գործընթացներում» խորագրով քննարկում, որի ժամանակ համալսարանի հետազոտողները ներկայացրին նաև կրթական համակարգերում ինտեգրված ուսումնասիրությունների կիրառման վերաբերյալ իրենց նոր մոտեցումները:
Քննարկման ընթացքում շեշտադրվեց աշխարհաքաղաքական նոր զարգացումների իրողություններում հետազոտությունների շարունակաբար կազմակերպման ու դրանց արդյունքները կրթական ծրագրերում ներդնելու անհրաժեշտությունը:
Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը, կարևորելով նմանօրինակ քննարկումները, ընդգծեց, որ այսօր ամենակարևոր խնդիրը վերաբերում է գիտելիք ունեցող մարդուն շուկայում մրցունակ դարձնելուն. «Ուսանողները շատ լավ սովորում են Վրաստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի պատմությունը, բայց պետք է ձգտենք, որ նրանք կարողանան համադրել, վերլուծել, ինչպես նաև կիրառել վերլուծության արդյունքը, որպեսզի լինեն մրցունակ մասնագետներ: Սա ժամանակի պահանջն է, քանի որ հետևելով տարածաշրջանային զարգացումներին՝ ականատես ենք լինում նրան, որ հաղթում է այն պետությունը, որը շատ արագ կարողանում է ձևակերպել գաղափար ու անցնել գործողության»:
Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, Վրացագիտության կենտրոնի ղեկավար Էդուարդ Զոհրաբյանը խոսեց տարածաշրջանի հետազոտության արդյունքները կրթական միջավայրում ինտեգրելու խնդրից։ Նա ընդգծեց, որ ներկայում ամուր հիմքեր կան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Իրանի և Վրաստանի մատենադարաններում, գրադարաններում առկա բազմաթիվ մատենագրությունները, ձեռագրերն ու փաստաթղթերը ուսումնասիրելու, տարածաշրջանի պատմության չբացահայտված ուղիները հետազոտելու ու այդ ուսումնասիրությունները կրթական միջավայր ներմուծելու համար:
«Նոր գիտելիքների ձևավորումը առաջ է բերելու որոշակի խնդիրների կապակցությամբ իրարամերժ տեսակետների հստակեցում, որը կարող է հիմք դառնալ նոր հայեցակարգերի ձևավորման համար: Խորհրդային տարիների հայեցակարգերը, բնականաբար, այլևս չեն կարող գործել, որովհետև օրեցօր փոփոխվող աշխարհում հայեցակարգերն անընդհատ փոփոխության են ենթարկվում: Մասնավորապես՝ 2020 թ. արցախյան պատերազմից ու արցախցիների բռնի տեղահանությունից հետո մենք չենք կարող նախկին հայեցակարգերով առաջնորդվել և պետք է փորձենք նոր մոտեցումներով հիմնավորել տարածաշրջանի քաղաքականությունը և մեր տեղն ու դերը այդ տարածաշրջանում», - ասաց Էդուարդ Զոհրաբյանը:
Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի պրոֆեսոր Քրիստինե Կոստիկյանը ներկայացրեց «Պատմագիտական նոր հետազոտությունների ինտեգրումը «Իրանը և Կովկասը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» դասընթացում» խորագրով թեման:
Նա անդրադարձավ դասընթացի շրջանակում դիտարկվող թեմաներին, ինչպես նաև ընդգծեց, որ իր և գործընկերների կատարած հետազոտությունների մեծ մասն առնչվում է ուշ միջնադարում և նոր շրջանում հայ-իրանական հարաբերությունների զանազան խնդիրներին. «Թեպետ այդ հետազոտությունները հիմնականում հիմնված են ավելի վաղ շրջանի հայ և օտար արևելագետների հետազոտությունների վրա, սակայն դրանք զարգացրել ենք ու հարստացրել՝ ներգրավելով նոր աղբյուրագիտական նյութեր»:
Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան նաև Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ Բենիամին Մայիլյանը (թեմա՝ «Աբխազիայի պատմագիտական խնդիրների դասավանդումը Վրաստանի ընդհանուր պատմության համատեքստում») և նույն ամբիոնի ասիստենտ Սուսաննա Սերոբյանը (թեմա՝ «Կրթական գործընթացներում ուսումնասիրությունների ինտեգրումը՝ որպես նոր մարտահրավեր»):
Քննարկման ավարտին Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն ու թեմաներով հետաքրքրված այլ մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսներին:
Նշենք, որ քննարկումը կազմակերպվեց Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի և Վրացագիտության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ: