Ս.թ. հունիսի 17-ին ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնում մեկնարկեց ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի հերթական խմբի դասընթացը, որին հաջորդեց թեստավորման գործընթացը:
Դասընթացի ժամանակ մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի ուղղվածությունը, նպատակները, ապահովված ձեռքբերումները, ապա սկսվեց թեստավորման գործընթացը: Թեստավորումը կատարվեց ԵՊՀ ուսուցման կառավարման «e-learning» համակարգի միջոցով:
Բիզնեսի կազմակերպմանը վերաբերող բազային 50 հարցից բաղկացած թեստը լրացնելու համար հատկացվեց մեկ ժամ: Թեստավորման նպատակը մասնակիցների՝ ձեռներեցությանը վերաբերող գիտելիքների մակարդակի բացահայտումն էր՝ հետագայում դասընթացի ուղղվածությունը հստակեցնելու համար:
Հիշեցնենք, որ ՀԲԸՄ նախաձեռնության «Կին ձեռներեցներ» ծրագիրն օգնում է ձեռներեց կանանց բացահայտել իրենց իրական ներուժն ու բարելավել ձեռնարկատիրական գործունեությունը բիզնես դասընթացների, մենթորության ու խորհրդատվության միջոցով։
Գործարարությանը առնչվող տեսական քննարկումներից և գործնական աշխատանքներից բաղկացած եռամսյա դասընթացի ժամանակ մասնակիցները ստանում են այն բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են բիզնեսը գրագետ և արդյունավետ վարելու համար։ Ավելին՝ ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստանում օգտվելու մենթորների խորհրդատվությունից և բարելավելու անգլերենի իմացությունը ՀԲԸՄ «Բիզնես մենթորներ» և ՀԲԸՄ «ԱՆԻ» ծրագրերի միջոցով։
Ծանոթանալով ձեռնարկատիրության, ֆինանսների կառավարման, մարքեթինգի և տեղական հարկային օրենսդրության հիմունքներին՝ մասնակիցները կարճ ժամանակում կարողանում են մշակել ճկուն և գրագետ բիզնես-պլան, սահմանել իրենց բիզնեսի ուժեղ և թույլ կողմերը, մշակել ապրանքը շուկայում ճիշտ ներկայացնելու ռազմավարությունը և այլն։ Բիզնես-պլանն օգնում է բիզնեսը միջավայրի փոփոխություններին դիմակայուն դարձնելուն։
Ծրագրի ավարտին մշակված բիզնես-պլաններից լավագույն երեքն արժանանում են փոքր դրամաշնորհների, որոնք մասնակիցներն օգտագործում են իրենց բիզնեսը զարգացնելու համար։ Ծրագրի բոլոր մասնակիցները միանում են ՀԲԸՄ-ի՝ անընդհատ ընդլայնվող շրջանավարտների ցանցին։
Անգամ դասընթացների ավարտից հետո ծրագիրը շարունակաբար ուղղորդում է մասնակիցներին, խթանում նրանց հետագա շփումն ու փորձի փոխանակումը ոլորտի փորձագետների հետ: