ՏՏԿՀ կենտրոնի «Տեղեկատվական համակարգերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի 2023-2024 ուստարվա շրջանավարտներից է ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Էդուարդի Սահակյանին: Նրա հետ զրուցել ենք նոր մասնագիտություն ձեռք բերելու անհրաժեշտության, կրթական ծրագրի ընձեռած հնարավորությունների և այլ թեմաների շուրջ։
- Պարո՛ն Սահակյան, կպատմե՞ք Ձեր մասին:
- Որպես ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի «Տեղեկատվական համակարգերի կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանող նշեմ, որ սա ԵՊՀ-ում ստացած իմ երկրորդ բարձրագույն կրթությունն է․ 1994-1999 թթ․ սովորել եմ Տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետի որակավորում, իսկ 1999-2002 թթ․՝ ԵՊՀ ասպիրանտուրայում՝ ստանալով տնտեսագիտության գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Շուրջ 24 տարի դասավանդում եմ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում, իսկ այս պահին ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն եմ։
Անցած երկու ուսումնական տարիների ընթացքում ուսանել եմ ՏՏԿՀ կենտրոնի համապարփակ և խիստ ուսումնական «Տեղեկատվական համակարգերի կառավարում» մագիստրոսի ծրագրում, որը զգալիորեն բարձրացրել է իմ գիտելիքների մակարդակն ու կատարելագործել հմտությունները ՏՀ կառավարման ոլորտում:
- Ինչու՞ որոշեցիք նոր մասնագիտություն ձեռք բերել:
- Դասավանդման գործընթացն արդեն իսկ ենթադրում է շարունակական կրթություն, ինքնակատարելագործում։ Աշխարհը նոր մարտահրավերներ է առաջ քաշում, և 25 տարի առաջ ստացած հիմնային գիտելիքները թարմացման և նորացման լուրջ անհրաժեշտություն ունեին։ Հավելեմ նաև, որ դեռ վաղ տարիքից հետաքրքրվում եմ բնագիտամաթեմատիկական առարկաներով։ Այս ամենը պատճառ դարձավ կրկին նստելու ուսանողի աթոռին։ Ընտրեցի «Տեղեկատվական համակարգերի կառավարում» մագիստրոսական ծրագիրը, քանի որ իմ կարողությունները ֆինանսների և կառավարման բնագավառում, կարծում եմ, մեծ առավելություն են տալիս ինձ մասնագիտությունը յուրացնելու համար։
- Տարիներ շարունակ դասավանդել եք ՏՏԿՀ կենտրոնում «Ընդհանուր ֆինանսներ» դասընթացը: Հետագայում դարձաք այդ նույն դասընթացն ուսումնասիրող ուսանող։ Դժվա՞ր էր դասավանդել և գնահատել համակուրսեցիներին:
- Իրականում համակուրսեցիներս շատ զարմացան, երբ առաջին կուրսի երկրորդ կիսամյակում իրենց իսկ համակուրսեցին ուսանողից «վերածվեց» դասախոսի։ Մատնանշեմ երկու կարևոր հանգամանք։ Նախ՝ էապես փոխեցի դասավանդածս առարկայի մատուցման եղանակը և ձևը․ առարկան հարմարեցրի ֆինանսիստ-ծրագրավորողի տեսանկյունից առավել համապատասխան լեզվով մատուցելուն։ Երկրորդ խնդիրը, իհարկե, գնահատումն էր․ մի կողմից՝ ուսանող-համակուրսեցիներ, մյուս կողմից՝ դասախոս, որը կոչված է առավելապես օբյեկտիվ լինելու։ Ուսուցանման և դասավանդման ամենադժվար փուլն էր թերևս, մինչ օրս ինքս ինձ հարց եմ տալիս՝ արդյո՞ք ամեն ինչ օբյեկտիվ էր, և ինչո՞ւ իմ բոլոր համակուրսեցիները գերազանց չստացան։
- Ինչպե՞ս եք գնահատում ԵՊՀ-ի՝ ուսումնառության համար ստեղծված պայմանները:
- Երևանի պետական համալսարանի դասախոսները ոչ միայն իրենց ոլորտների փորձագետներ են, այլև իրենց ուսանողներին նվիրված մարդիկ: Նրանց աջակցությունը, որով ինձ տվել են թե՛ տեսական, թե՛ գործնական հիմնարար գիտելիքներ, անգնահատելի է իմ ուսումնառության գործում:
Ուսանողների համար մատչելի ռեսուրսներն ու հարմարությունները բացառիկ են: Ստեղծված է ուսուցման և հետազոտությունների համար նպաստավոր միջավայր: Ուսանողների միջև համագործակցային մթնոլորտը, որով խրախուսվում են գաղափարների փոխանակումն ու թիմային աշխատանքը, ևս շատ կարևոր է:
- Ի՞նչ տվեց Ձեզ ուսումը ՏՏԿՀ կենտրոնում, և արդարացա՞ն ձեր սպասումները:
- Ընդհանուր առմամբ իմ փորձը Երևանի պետական համալսարանում շատ դրական է, որովհետև ստացել եմ այն գիտելիքներն ու վստահությունը, որոնք անհրաժեշտ էին ապագա կարիերայիս մեջ հաջողելու համար: Շնորհակալ եմ այստեղ ունեցած հնարավորությունների և փորձառության համար: Այս տեսանկյունից էլ բարձր եմ գնահատում մագիստրոսական ծրագիրը պոտենցիալ ուսանողների համար: