ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սինոփսիս» ընկերության առաջնորդներից մեկի՝ Յոախիմ Կունկելի «Կիսահաղորդչային արդյունաբերության փոփոխվող լանդշաֆտը» խորագրով ներկայացում-շնորհանդեսը:
Արդյունաբերություն-համալսարան կապի ամրապնդումը միշտ եղել է ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ռազմավարական առաջնահերթություններից մեկը՝ նպատակ ունենալով բարելավելու կրթության որակը: Այդ իսկ պատճառով ՏՏԿՀ կենտրոնը պարբերաբար հրավիրում է մասնագետների ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից՝ ապահովելու փորձի փոխանակում, ուսանողներին ներկայացնելու նրանց աշխատանքային գործունեության հաջող փորձը, մարտահրավերներ ընդունելու և դրանք հաջողությամբ հաղթահարելու օրինակը: Այս տեսանկյունից շատ արդյունավետ էր նաև «Սինոփսիս» ընկերության առաջնորդներից մեկի՝ Յ. Կունկելի ներկայացում-շնորհանդեսը:
Յոախիմ Կունկելը երկար ժամանակ աշխատել է որպես «Սինոփսիս» ընկերության մտավոր սեփականության (ՄՍ) բիզնես միավորի գլխավոր մենեջեր, որտեղ նա հասցրել է ՄՍ-ների հետ կապված եկամուտը մինչև 2 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ Սինոփսիսը դարձնելով երկրորդ խոշորագույն կիսահաղորդչային ՄՍ ընկերությունն աշխարհում: Սինոփսիսում աշխատելով շուրջ երեք տասնամյակ՝ Յ. Կունկելը ձեռք է բերել հարուստ գիտելիքներ և ղեկավարման փորձ:
Մինչ «Սինոփսիս» ընկերությանը միանալը Յ. Կունկելը եղել է «CADIS GmbH» ընկերության համահիմնադիրը Գերմանիայի Աախեն քաղաքում: Այնտեղ նա եղել է գործադիր տնօրեն՝ կատարելով բազմաթիվ պարտականություններ ճարտարագիտության, վաճառքի և շուկայավարման ոլորտներում: Մինչ «CADIS»-ի համահիմնադիր դառնալը նա Աախենի տեխնոլոգիական համալսարանում հետազոտող ասիստենտ էր և կատարում էր հետազոտություններ համակարգային մակարդակում թվային ազդանշանի մշակման մոդելավորման տեխնիկայի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրելով զուգահեռ հաշվարկները:
Յ. Կունկելը ստացել է նաև ինժեներական գիտությունների մագիստրոսի և դոկտորի աստիճաններ Աախենի տեխնոլոգիական համալսարանից:
Շնորհանդեսի ժամանակ բանախոսը ներկայացրեց կիսահաղորդիչների համաշխարհային շուկան, շուկայի սեգմենտավորումը ըստ երկրների, շուկայում առկա խնդիրները, կիսահաղորդչային արդյունաբերության առանձնահատկությունները, զարգացման հիմնական միտումները, ինչպես նաև ԱՄՆ կառավարության կողմից վերջերս ընդունված իրավական փաստաթուղթը, որի նպատակը կիսահաղորդիչների համաշխարհային շուկայում ԱՄՆ-ի մասնաբաժնի ավելացումն է (2030 թ. հասցնելով մինչև 13-14%): ԱՄՆ կառավարության կողմից ընդունված այս իրավական փաստաթղթի կայացման գործում մեծ ֆինանսական ներդրումներ ունեն նաև ՏՏ ոլորտի ամերիկյան ընկերությունները: Թեման բավականին հագեցած էր և ուսուցողական։
Միջոցառմանը մասնակցում էին միկրոէլեկտրոնիկայի ճանաչված մասնագետներ՝ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի նախագահ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Երվանդ Զորյանը և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ԵՊՀ պրոֆեսոր-էմերիտուս, ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը:
Միջոցառմանը ներկա էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ուսումնական դեպարտամենտի ուսանողներ, դասախոսներ: Մասնակիցները դասախոսությունը լսեցին մեծ ուշադրությամբ:
Նշենք, որ շնորհանդեսը կազմակերպվել էր ԱՄՆ էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի հաշվողական մեքենաների ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի («IEEE CS Armenia chapter») ու ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ: