ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների մի խումբ ուսանողներ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակում այցելեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ ծանոթանալու կառույցի գործունեությանն ու գործառույթներին, ինչպես նաև գործնականում ամրապնդելու տեսական գիտելիքները։
Ողջունելով ուսանողներին՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն անդրադարձավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պատմությանը՝ ընդգծելով ընտրություն կատարելու կարևորությունն ու ազատ ընտրության հնարավորությունը։
Հանդիպման հիմնական բանախոսն էր ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, որը ներկայացրեց ընտրական համակարգերի և վերահսկողական գործիքակազմերի էությունը՝ անդրադառնալով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական համակարգին, այդ համատեքստում նաև ոչ պետական մարմինների և կազմակերպությունների դերին, գործառույթներին, հանրային վերահսկողության կարևորությանը, ձայների հաշվարկման և հաշվարկի ստուգման մեխանիզմներին, քաղաքացիական նախաձեռնություններին և այլ հարցերի։
Արմեն Սմբատյանը խոսեց նաև ՀՀ ընտրական համակարգի ձևավորման պատմությունից՝ պատասխանելով ուսանողներին հետաքրքրող հարցերին։
Նշենք, որ այցը կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համագործակցության շրջանակում:
Հավելենք, որ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակում ԵՊՀ ուսանողներն այցելել էին նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։