ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը հյուրընկալեց Վիլնյուսի Նիկոլաս Ռոմերիսի համալսարանի (Լիտվա) դասախոսներ, մ․գ․դ․, պրոֆեսորներ Իրենա Զեմայտեյտիտին և Յոլանտա Պիվորիենեին։
Հրավիրյալ բանախոսներին ողջունեց կենտրոնի տնօրեն, մ․գ․դ․, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը՝ կարևորելով հանդիպման նշանակությունը միջբուհական համագործակցության և կրթագիտական ոլորտի զարգացման տեսանկյուններից։
Բանախոսների թեման էր «Համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում Լիտվայում և Եվրոպայում»։ Հանդիպմանը ներկա էին Մանկավարժության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի ուսանողները։ Դասախոսության ընթացքում բանախոսները ներկայացրին Լիտվայում բարձրագույն կրթության կազմակերպման առանցքային հարցերը, ներկաներին ծանոթացրին եվրոպական կրթական տարածքում բարձրագույն կրթության կազմակերպման առանձնահատկություններին։
Հանդիպման ավարտին պրոֆեսոր Ն․ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բանախոսներին և հույս հայտնեց, որ նմանօրինակ հանդիպումները կդառնան շարունակական։