ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում հունիսի 3-ին տեղի ունեցավ բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» և մագիստրատուրայի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը շրջանավարտներին ուղղված ողջույնի խոսքում նշեց, որ հասարակական կյանքի հոլովույթում գրագետ, կրթված մասնագետների դերն անուրանալի է: Նա հույս հայտնեց, որ կենտրոնի շրջանավարտները մասնագիտական գործունեություն ծավալելիս իրենց կդրսևորեն իբրև բանիմաց մասնագետներ։
Ստացած որակյալ կրթության և համակողմանի գիտելիքների համար Ն. Կ. Հարությունյանին և կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին իր և կուրսընկերների անունից երախտագիտության խոսքեր ասաց մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Մերի Եգանյանը: Բակալավրիատի շրջանավարտների անունից դրվատանքի խոսքեր ուղղեց կենտրոնի տնօրենին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին շրջանավարտ Լիլիթ Աղամալյանը՝ նշելով, որ համալսարանից հեռանում են մասնագիտական հարուստ գիտելիքներով և իրենց մասնագիտության հանդեպ սիրով ու նվիրումով։
Ուսումը կենտրոնի մագիստրոսական կրթական ծրագրերում շարունակելու ցանկություն հայտնեցին բակալավրիատի բազմաթիվ շրջանավարտներ:
Տոնական միջոցառման ավարտին «Կրթությունը 21-րդ դարում» գիտամեթոդական միջազգային գրախոսվող հանդեսի որոշ համարներ՝ որպես շարունակական կրթության խրախուսման ուղենիշ, հանձնվեցին ուսանողներին: