- Главная
- Faculty
- Институт физики
- Кафедра молекулярной физики
Кафедра молекулярной физики
1964 թ. ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի վարիչ է նշանակվել ֆ․մ․գ․դ․, պրոֆեսոր Վիլեն Ասլանյանը (ղեկավարել է մինչև 1989 թ․), որը եղել է մակրոմոլեկուլների ֆիզիկայի լենինգրադյան դպրոցի հիմնադիրներից մեկի` Մ. Վ. Վոլկենշտեյնի աշակերտը: Այս հանգամանքը կողմնորոշել է պրոֆեսորին՝ Օպտիկայի ամբիոնին կից ստեղծելու առանձին խումբ, որը օպտիկական մեթոդներով հետազոտում էր կենսաբանական և սինթետիկ պոլիմերների կառուցվածքը: Ստեղծված խումբը հիմք է դարձել 1965 թ․ Ֆիզիկայի ֆակուլտետում Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի հիմնադրման համար (մինչև 1992 թ.՝ Մոլեկուլային ֆիզիկայի և կենսաֆիզիկայի ամբիոն):
Նորաստեղծ ամբիոնի հիմնական գիտական ուղղությունն էր սինթետիկ և կենսաբանական (ԴՆԹ, ՌՆԹ, սպիտակուցներ, թաղանթներ) մակրոմոլեկուլների կառուցվածքի հետազոտումը, որը պահպանվում է մինչև օրս:
2006 թվականից մինչև այժմ ամբիոնը ղեկավարում է ֆ․մ․գ.դ․, պրոֆեսոր Եվա Դալյանը:
Ամբիոնի ստեղծման օրից այնտեղ սկսում են աշխատել. սինթետիկ պոլիմերների ռելակսացիոն հատկությունների մասնագետ Վազգեն Պետրոսյանը և ինժեներական փայլուն հատկություններով օժտված փորձարար Վահագն Սաղաթելյանը, որը հավաքել էր կենսաբանական և սինթետիկ պոլիմերների հետազոտման համար նախատեսված յուրահատուկ սարքավորումներ: Սկսած 1966 թվականից՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) ասպիրանտուրայից վերադառնում են Արտեմ Դադիվանյանը, Ալեքսեյ Ջանբարյանցը և Հրանտ Ֆարշյանը, որոնք զբաղվում են սինթետիկ պոլիմերների կառուցվածքի ուսումնասիրությամբ: Ամբիոնում ձևավորվում է սինթետիկ պոլիմերներով զբաղվող հզոր խումբ:
Ամբիոնի պատմության մեջ մեծ հետք է թողել Կարեն Օքսուզյանը, որի ջանքերով տարիներ շարունակ ամբիոնում կատարվել են պոլիմերների ծերացմանը վերաբերող տնտեսական պայմանագրային աշխատանքներ:
Ամբիոնի ներկա գիտական ուղղությունները
- Լիգանդների հետ փոխազդեցության հետևանքով ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կառուցվածքում առաջացած կոնֆորմացիոն փոփոխությունների տեսական և փորձնական ուսումնասիրություն, այդ փոխազդեցությունների մոլեկուլային մեխանիզմների պարզաբանում: Որպես լիգանդ դիտարկվում են միավալենտ և երկվալենտ մետաղական իոնները, հակաուռուցքային ակտիվություն ունեցող Pt(II) և Ru(III)-պարունակող որոշ դեղանյութեր, անտիբիոտիկներ, ներկանյութեր, ինչպես նաև բարձր կենսաբանական ակտիվությամբ օժտված միացությունների մեծ դաս` պորֆիրիններ և մետաղապորֆիրիններ:
- ՈՒՄ- և գամմա ճառագայթման ազդեցությունը կենսաբանական և սինթետիկ մակրոմոլեկուլների կառուցվածքի վրա:
- Պոլիմերների ջրային լուծույթների հիդրոդինամիկական վարքի փորձարարական ուսումնասիրություն:
- Կենսապոլիմերների առաջնային և տարածական կառուցվածքների և նրանց ֆունկցիաների միջև կորելյացիայի տեսական ուսումնասիրություն: Կենսապոլիմերներում պարույր-կծիկ անցման տեսության զարգացումը:
- Լիգանդների ադսորբցիան կենսաբանական և սինթետիկ թաղանթների վրա: