ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Գոհար Հովհաննիսյանը 22 տարի է, ինչ աշխատում է Երևանի պետական համալսարանում: Աշխատանքային գործունեության ընթացքում նա կատարել է բազմաթիվ հետազոտություններ և գրանցել նշանակալի արդյունքներ․ նա արդեն շուրջ 50 գիտական հոդվածի համահեղինակ է:
«Մինչև 18 ՄէՎ էներգիաներով պրոտոններով 114Sn և 120Sn թիրախներում հարուցված ռեակցիաներ» («Proton induced reactions on 114Sn and 120Sn targets at energies up to 18 MeV») գիտական հոդվածը տպագրվել է «The European Physical Journal A» Q1 վարկանիշային պարբերականում: Համահեղինակների խնդիրն է եղել հետազոտել այնպիսի ռեակցիաներ, որոնք բերում են այն իզոտոպի փոփոխությանը, որը մեծ քանակությամբ առաջանում է հենց միջուկային ռեակտորներում: Խոսելով թեմայի արդիականությունից՝ Գոհար Հովհաննիսյանը նշեց, որ այս ուսումնասիրության նպատակն է եղել լուծել վառելիքի պահպանման հետ կապված խնդիրները, փոփոխել երկար ապրող ռադիոակտիվ իզոտոպները փնջերով և վերածել դրանք կարճ ապրողների:
«Միջուկային ռեակտորներում աշխատած վառելիքում առաջանում են մի շարք ռադիոակտիվ երկար ապրող իզոտոպներ, որոնք անհրաժեշտ է երկար ժամանակ պահպանել հատուկ պահոցներում: Դրանցից մեկը անագ 126-ն է: Պահպանման ժամկետը նվազեցնելու համար կարելի է այն միջուկային ռեակցիայի միջոցով փոխակերպել կայուն կամ կարճ ապրող իզոտոպի: Մեզ մասնավորապես հետաքրքրում էին պրոտոն-միջուկային ռեակցիաները: Սակայն ռադիոակտիվ թիրախի հետ գիտափորձեր կատարելը բարդ էր: Նման դեպքերում միջուկային ռեակցիաների արդյունքները գնահատելու համար կիրառվում են հատուկ հաշվարկային կոդեր, իսկ կոդերի աշխատանքի համար, որպես ներմուծվող պարամետրեր, անհրաժեշտ են միջուկային ռեակցիաների վերաբերյալ փորձարարական տվյալներ»,- ասաց ԵՊՀ հետազոտողը:
Նա շեշտեց, որ պարզվել է՝ տվյալների գրադարաններում անագի իզոտոպների վերաբերյալ փորձարարական տվյալներ չկան կամ բավականին քիչ են առկա, և իրենք հնարավորություն են ունեցել ստանալու նոր տվյալներ՝ համալրելով միջուկային տվյալների գրադարանը:
Անդրադառնալով հետազոտական աշխատանքի թեմայի ընտրությանը՝ ԵՊՀ դոցենտը նշեց. «Հայաստանում աշխատող գիտնականի համար թեմայի ընտրությունը կախված է ոչ միայն խնդրի արդիականությունից, այլև այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ հնարավորությունների առկայությունից, քանի որ դրանց ձեռքբերման համար ոչ միշտ են առկա անհրաժեշտ ռեսուրսներ և ֆինանսական միջոցներ: Մեր ուսումնասիրության շրջանակում միջուկային ռեակցիաների հետազոտության համար անհրաժեշտ էր արագացուցիչ, որը մեզ հասանելի էր, քանի որ գտնվում էր Երևանում»։
ԵՊՀ գիտնականը հիշեց, որ տարիներ առաջ գործընթացն ավելի խրթին էր, քանի որ սարքավորումների բացակայության պատճառով բազմաթիվ հետազոտություններ ավելի երկար ժամանակահատվածում էին կատարվում կամ պարզապես չէին իրականացվում: Ներկայում առկա է ոչ միայն տարաբնույթ հետազոտություններ կատարելու հնարավորություն, այլև ստացված արդյունքները հեղինակավոր ամսագրերում տպագրելու:
Խոսելով Q1 վարկանիշային ամսագրերում հոդվածներ տպագրելուց՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ փորձաքննությունն անցկացնում են փորձառու մասնագետները, որոնք տեղյակ են բոլոր նրբություններից. «Փորձաքննության փուլը երկար տևեց, սակայն շատ արդյունավետ էր: Կարևորն այն է, որ գիտական հեղինակավոր պարբերականներում հոդված տպագրելու համար ոչ միայն նյութը պետք է արժեքավոր լինի, այլև ներկայացման եղանակը: Նշեմ, որ փորձագետները ուշադրություն են դարձնում ինչպես հոդվածի բովանդակությանը, այնպես էլ դրա գեղեցիկ շարադրանքին: Իմ կարծիքով, հետաքրքիր փորձառություն էր շփում ունենալը նման մասնագետների հետ, որոնց արհեստավարժությունը նկատելի է անգամ հեռվից»:
Մեզ հետ զրույցում Գոհար Հովհաննիսյանն անդրադարձավ նաև մեկ այլ շատ կարևոր հետազոտության, որը կրկին առնչվում է իզոտոպներին: Նա նշեց, որ ճառագայթաակտիվ իզոտոպները կիրառվում են բժշկության ոլորտում՝ ախտորոշում կատարելու նպատակով. այն շատ նուրբ և դիագնոստիկայի ժամանակակից մեթոդ է:
Հետազոտողն ընդգծեց, որ ժամանակի հետ պահանջ է առաջացել ունենալու նոր իզոտոպներ, որոնք կարելի է կիրառել ախտորոշման և բուժման համար։
«67Cu բժշկական իզոտոպի ստացումը ֆոտոմիջուկային ռեակցիաներում» («Photonuclear production of the medical isotope 67Cu») հոդվածում, որը ևս տպագրվել է գիտական լայն հանրությանը հասանելի միջազգային ճանաչում ունեցող հանդեսում, ներկայացվում է այն աշխատանքը, որը կատարվել է Երևանում տեղակայված արագացուցիչի օգնությամբ: Ֆոտոմիջուկային ռեակցիաներում հետազոտողները ցույց են տվել, որ կոնկրետ երկու իզոտոպ՝ սկանդիում 47-ը և կուպրում 67-ը, արդիական է ստանալ ֆոտոմիջուկային ռեակցիաներում»,- նշեց Գ. Հովհաննիսյանը:
Խոսելով ուսանողների՝ հետազոտական աշխատանքներում ընդգրկվելու հնարավորության մասին՝ մասնագետը կարևորեց, որ այժմ համալսարանականները հնարավորություն ունեն ներգրավվելու հետազոտական գործընթացներում և գրանցելու ցանկալի վերջնարդյունք։
«Ներկայում ուսանողները ցանկություն ունեն ոլորտում հմտանալու և աշխատելու: Կարծում եմ, որ այսօր ուսանողի նկատմամբ խստությունն այդքան էլ արդյունավետ չէ։ Անհրաժեշտ է հետաքրքրքություն առաջացնել ուսանողների շրջանում՝ դասախոսության մեթոդների նոր մոդելների կիրառմամբ: Կյանքում հաջողության է հասնում նա, ով ինչ-որ բան անում է հաճույքով, այլ ոչ թե ստիպողաբար. սա է իմ մոտեցումը»,- հավելեց դասախոսը: