ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում 1-ին կուրսի «Անգլերեն» առարկայի շրջանակում անցկացվեց նորարար լուծումներով ստուգարք՝ բեմականացված դատավարություն:

Ստուգարքի նպատակն էր մեկտեղել ուսանողների ձեռք բերած ոլորտային գիտելիքները և մասնագիտական անգլերենի բառապաշարը՝ խթանելով լեզվական հմտությունների զարգացումը:

Նախաձեռնության հեղինակը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարգարիտա Ապրեսյանն էր: Նա կարևորեց այն հանգամանքը, որ բեմադրված դատավարության 20 մասնակիցները ոչ միայն իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողներ են, այլև աշակերտներ տարբեր դպրոցներից, ինչը նպաստում է բուհ-դպրոց կապի ամրապնդմանը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, Երևանի Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 և Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցների տնօրենները, Ամերիկյան Յուտա Վելլի համալսարանի ներկայացուցիչները, ուսանողներ և այլք:
Նշենք, որ Մարգարիտա Ապրեսյանը նախորդ անգամ ստուգարքին կազմակերպել էր բեմականացված մամուլի ասուլիս:
Ստուգարքի մանրամասները՝ տեսանյութում: