Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունն առանձնանում է փիլիսոփայական-հոգեբանական բազմաշերտ կառուցվածքով և շարունակում է գերել ոչ միայն միլիոնավոր ընթերցողների, այլև մնալ մասնագիտական քննարկումների և ուսումնասիրությունների առանցքում:
Ս․թ․ մարտի 12-ին Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ռոմանական ուսումնասիրությունների, ֆրանսերենի, իտալերենի և թարգմանության դեպարտամենտի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջազգային առցանց սեմինար՝ նվիրված Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վիպակի թարգմանություններին: Պրոֆեսոր Խ. Սևիլյա Մունյոսի հրավերով միջազգային սեմինարին մասնակցեց նաև ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր Հասմիկ Բաղդասարյանը, որը ներկայացրեց «Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» ոճական հնարների՝ ֆրանսերենից հայերեն թարգմանության որոշ խնդիրներ» թեմայով դասախոսություն: Միջազգային սեմինարը դարձավ յուրահատուկ հարթակ՝ քննելու «Փոքրիկ իշխանի» տարբեր թարգմանությունների (այդ թվում նաև ոչ պաշտոնական լեզուներով՝ աստուրերեն, նեապոլիտերեն) բազմաբնույթ հարցեր:
Նշենք, որ երկար տարիներ է՝ ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնը ակտիվորեն համագործակցում է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ռոմանական ուսումնասիրությունների, ֆրանսերենի, իտալերենի և թարգմանության դեպարտամենտի հետ, որի շրջանակում կազմակերպվում են մի շարք գիտական սեմինարներ, դասախոսություններ, ինչպես նաև իրագործվում համատեղ գիտական տարբեր ծրագրեր: