«Աշխարհագրություն» եզրույթն առաջին անգամ գործածության մեջ է դրել հույն աշխարհագետ և մաթեմատիկոս Էրատոսթենես Կիրենացին, որը ստեղծել է ֆիզիկամաթեմատիկական աշխարհագրության հիմքերը՝ անսխալ հաշվարկելով երկրագնդի շրջագծի երկարությունը։ Իսկ մեզ հասած ամենահին քարտեզը Բաբելոնյան քարտեզն է (հայտնի նաև «Իմագո Մունդի» անվամբ), որը թվագրվում է մ․թ․ա․ 5-6-րդ դարերին և որի վրա կենտրոնում պատկերված է Բաբելոնը, կողքին` Ուրարտուն։
Աշխարհագրությունը պարզապես երկրներին և դրանց մայրաքաղաքներին ծանոթանալը չէ, այն օգնում է հասկանալ և ուսումնասիրել տարածաժամանակային փոփոխությունները, մշակույթներն ու քաղաքական համակարգերը, տնտեսությունները, շրջապատող միջավայրը և, իհարկե, տալիս վերոգրյալ գործոնների միջև առկա փոխազդեցությունների տրամաբանական բացատրությունը։
Երկրաբանությունն իր հերթին ուղղորդում է բացահայտելու հնարավոր բնական աղետները (երկրաշարժեր, ջրհեղեղներ, սողանքներ, էրոզիա և այլն), կանխորոշելու և կանխելու դրանց հաջորդող հետևանքները, ստեղծելու և հիմք դնելու երկրի կայուն զարգացմանը։
Հետաքրքիր է, չէ՞․ այս ամենին, այդ թվում՝ աշխարհագրության և երկրաբանության պատմությանը, ոլորտում կատարված նշանակալի բացահայտումներին ու գյուտերին հնարավոր է ծանոթանալ, ինչպես նաև դրանց մասնակիցը դառնալ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում։
Ֆակուլտետում կրթությունն իրագործվում է առկա և հեռակա ուսուցման եռաստիճան համակարգով, որտեղ ուսումնասիրվող տարակազմ մասնագիտություններն ունեն մեկ ընդհանրություն․ բոլորի ուսումնասիրության կենտրոնում մեզ շրջապատող աշխարհն է՝ այն ուսումնասիրելու անհատական մոտեցումներով։
Բակալավրում ուսանողները կարող են սովորել «Երկրաբանություն», «Աշխարհագրություն», «Սերվիս», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրերում, իսկ մագիստրատուրայում կրթություն ստանալ «Երկրաֆիզիկա, ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն», «ՕՀՀ երկրաբանություն և հետախուզում», «Հասարակական աշխարհագրություն», «Ջրաօդերևութաբանություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» և «Սերվիս» նեղ մասնագիտացումներով։ Ի դեպ՝ բակալավրիատի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին (վճարովի հիմունքով) և ստանալու մանկավարժի որակավորում։
Յուրաքանչյուր ուղղության համար ֆակուլտետում գործում են տեխնիկապես հագեցած տարբեր լաբորատորիաներ, որտեղ ուսանողները հնարավորություն են ստանում պրակտիկ գործունեության շնորհիվ անմիջականորեն առնչվելու մասնագիտության առանձնահատկություններին։
Ֆակուլտետում տարեցտարի բարելավվում և թարմացվում են կրթական ծրագրերում ուսումնասիրվող թեմաները՝ մեծապես հարմարեցնելով համապատասխան գերատեսչությունների և մասնավոր կազմակերպությունների՝ տվյալ պահին և ժամանակահատվածին անհրաժեշտ պահանջներին։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ քարտեզագրության և գեոդեզիայի, ջրաբանության, բնօգտագործման և բնապահպանության, ջրային խնդիրների, երկրակեղևի խորքային կառուցվածքի, հանքային դաշտերի առաջացման, դրանց որոնման մեթոդների մշակման, ջրաերկրաբանության, ճարտարագիտական երկրաբանության, երկրաքիմիայի, սողանքային երևույթների, սեյսմոլոգիայի, երկրաֆիզիկական դաշտերի ուսումնասիրության ուղղություններով:
Ֆակուլտետում դասավանդվող կրթական ծրագրերի շնորհիվ ուսանողներն ու շրջանավարտները տիրապետում են շրջակա միջավայրի համակողմանի ներկայացման, դրա կառավարման և արդյունավետ օգտագործման նրբություններին։
Ֆակուլտետի ուսանողները պարտադիր ուսումնական պրակտիկան անցնում են ինչպես Երևանի, այնպես էլ ՀՀ մարզերի տարբեր ձեռնարկություններում, վարչական հիմնարկներում, Գեոդեզիայի ինստիտուտում, ԵՊՀ «Բյուրական» և «Ծաղկաձոր» ուսումնաարտադրական բազաներում, Կադաստրի պետական կոմիտեում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հայպետհիդրոմետի բաժանմունքներում, Երևանի դպրոցներում, թանգարաններում և ֆակուլտետի գործընկեր այլ կազմակերպություններում: Ուսանողները մասնակցում են ՀՀ տարբեր շրջաններում անցկացվող երկրաբանական արշավներին:
Ֆակուլտետը համագործակցում է արտերկրի առաջատար գիտակրթական հաստատությունների, այդ թվում՝ Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չեխիայի, Ղազախստանի և այլ համալսարանների հետ։ Տեղական ու միջազգային ընդլայնված համագործակցության շնորհիվ ֆակուլտետի ուսանողներին ընձեռվում է աշխատանքի ընդունվելու հնարավորություն դեռևս ուսումնառության տարիներից։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։
Անի Սուքիասյան