ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում ս.թ. սեպտեմբերի 12-23-ը «Հանքարդյունաբերություն» թեմայով վերապատրաստում անցավ Ուֆայի պետական նավթային տեխնիկական համալսարանի «Ինժեներական համակարգեր և ցանցեր» ամբիոնի դոցենտ Ալաբերդին Ազամատ Բուլյակովիչը:
Հաստատված ծրագրային պլանով դասընթացների ընթացքում Ռ.Ս. Մովսեսյանի ղեկավարությամբ քննարկվեցին թեմատիկ հարցեր՝ հանքարդյունաբերության ընդհանուր բնութագիրը, լեռնահանքային ձեռնարկությունների ձևերը, հանքային հումքի շուկաները, հանքարդյունաբերության գործունեության դրական և բացասական կողմերը, էկոլոգիական խնդիրները և այլն:
Տեսական հատվածն ամփոփվեց նաև գործնական մասով։ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի գործընկեր «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի ջանքերով կազմակերպված այցի շրջանակում հյուրը ծանոթացավ ՀՀ Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա եղանակով շահագործման պայմաններին, աշխատանքների կազմակերպման ընթացքին և այլ արտադրական գործընթացներին։
Ֆակուլտետի դեկան, դոցենտ Ս. Քելյանի հետ հանդիպման ժամանակ Ա.Ա. Բուլյակովիչն իր երախտագիտությունը հայտնեց ջերմ ընդունելության համար:
Հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հետագայում կքննարկվեն ֆակուլտետի հետ հնարավոր համագործակցության ծրագրեր։