ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում նշվեց Փիլիսոփայության համաշխարհային օրը: 2002 թվականից ի վեր ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ Փիլիսոփայության համաշխարհային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը: Այն կոչված է արժևորելու փիլիսոփայության մարդաստեղծ նշանակությունն ու արդի հասարակական կյանքը բարելավելու ներուժը։
Հայաստանյան հասարակության մեջ փիլիսոփայության տեղի ու դերի կարևորման նպատակով վերջին տասնամյակում ամեն տարի այդ օրը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:
Ընթացիկ տարվա նոյեմբերի 21-ին կայացավ փիլիսոփայական էսսեների երկրորդ մրցույթի ամփոփման և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Մրցույթն իրականացվել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և «Արևահովիտ. հայոց արժեհամակարգային միասնական հարթակ» կազմակերպության համագործակցության շրջանակում:
Միջոցառմանը մասնակցեցին այլ մասնագիտությունների բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի՝ փիլիսոփայությամբ հետաքրքրված ուսանողներ ևս: Մրցույթի նպատակն էր երիտասարդության շրջանում հայաստանյան արդի իրողությունների փիլիսոփայական իմաստավորման դերի արժևորումը, ինքնությանն առնչվող խնդիրների շուրջ իմաստասիրական դիսկուրսի զարգացումը, բարոյաարժեքային առկա ճգնաժամի հաղթահարումը և երիտասարդության հոգևոր որոնումների մեջ փիլիսոփայության դերի կարևորումը:
Մրցութային էսսեների թեմաներն էին՝ «Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունն ու արդիականությունը», «Հայաստանի ներկան և ապագան. փիլիսոփայական անդրադարձ», «Հայոց ինքնության արդիականացումը փիլիսոփայական տեսանկյունից», «Արհեստական բանականության հեռանկարների փիլիսոփայական վերլուծություն»։
Մրցանակաբաշխության արարողությունը մեկնարկեց ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանի ելույթով: Ընդգծելով խնդիրներին նորովի անդրադառնալու հրամայականը՝ բանախոսը նշեց, որ փիլիսոփայությունը գիտություն է ոչ միայն անցյալի ու ներկայի, այլև ապագայի մասին։ Ապագան կլինի այնպիսին, ինչպիսին ներկայիս որդեգրված արժեքներն ու սկզբունքներն են: Ա․ Բաղդասարյանը, եզրափակելով ելույթը, շնորհակալություն հայտնեց «Արևահովիտ» հիմնադրամի խորհրդի նախագահ Վանո Դադոյանին այս նախաձեռնության համար։
Իր ելույթում Վանո Դադոյանը խոսեց հայոց արժեհամակարգային միասնականության անհրաժեշտության և դրանում փիլիսոփայության դերի ամրապնդման իրենց ջանքերի մասին՝ կարևորելով ներքին հոգևոր կայունության նշանակությունն արդի հարահոս ու ճգնաժամային իրադրության մեջ։ Վանո Դադոյանն իր «Ձայն ազատության» («Հազարան բլբուլ» հայկական ժողովրդական հեքիաթի վերլուծություն հոգևոր տեսանկյունից) գրքույկը նվիրեց խրախուսական մրցանակ ստացողներին և ժյուրիի անդամներին՝ ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի դոցենտներ Սիլվա Պետրոսյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Արման Ղարագուլյանին և Կարինե Յարալյանին։
Մրցույթի համակարգող, «Փիլիսոփայություն» կրթական ծրագրի ղեկավար Սիլվա Պետրոսյանը նշեց, որ փիլիսոփայությունը ապրելակերպ է, հոգու խնամք, որով առավել ևս պետք է զբաղվել արդի տեղեկատվական հեղեղի պայմաններում։ Զեկուցողը կարևորեց հայոց փիլիսոփայական ավանդույթը և դրա ուսումնասիրությամբ զբաղվելու երիտասարդների ձգտումը: Նա շնորհակալություն հայտնեց փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ա․ Բաղդասարյանին և դեկանի տեղակալ, գրասենյակի տնօրեն Ն․ Ալավերդյանին՝ կազմակերպական և ֆինանսական օժանդակության, տրամադրված գիրք-մրցանակների, ինչպես նաև ժյուրիի անդամներին՝ էսսեներն ամենայն հոգատարությամբ կարդալու և գնահատելու համար։
Ժյուրիի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Արման Ղարագուլյանը վերլուծեցին էսսեների ուժեղ և թույլ կողմերը՝ խոսելով փիլիսոփայական էսսեներ գրելու տրամաբանական, կառուցվածքային, ոճական առանձնահատկություններից։ Բոլոր բանախոսները շնորհավորեցին մրցանակակիրներին՝ մաղթելով նրանց հետագա ստեղծագործական ձեռքբերումներ։
Ուսանողների անունից հանդես եկավ էսսեների առաջին մրցույթի հաղթողներից Դանիել Նեդոլյանը, ով այժմ ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության ու տրամաբանության ամբիոնի ասպիրանտ է։ Նա ընդգծեց թեմաների արդիականությունը և այդ ուղղությամբ երիտասարդների շրջանում գիտական դիսկուրս ձևավորելու կարևորությունը։
Առաջադրված էսսեներից խրախուսական ու դրամական պարգևների են արժանացել յոթը։ ժյուրիի որոշմամբ մրցույթին առաջին մրցանակ չի հանձնվել։ Մրցանակակիրներն են՝ Արկադի Վարդանյան (ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ), Արփի Շամոյանը (ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ)՝ երկրորդ մրցանակ, Հրաչուհի Հարությունյան (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ)՝ երրորդ մրցանակ: Խրախուսական մրցանակների արժանացած մասնակիցներն են՝ Դանիել Նեդոլյան (ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ), Վահե Ասատրյան (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ), Շուշանիկ Խանաղյան (ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ), Հենրիկ Նեդոլյան (Հայ-ռուսական համալսարան):
Միջոցառման ավարտին մրցույթի կազմակերպիչներն ու բանախոսները շնորհավորեցին մրցանակակիրներին՝ հույս հայտնելով, որ փիլիսոփայական էսսեների մրցույթը շարունակական կլինի։ Ի լրումն ասվածի՝ Ա․ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ 2025 թվականին Փիլիսոփայության համաշխարհային օրը ֆակուլտետում կանցկացվի գիտաժողով: Նախորդ երկու մրցույթների մասնակիցներին, ինչպես նաև բոլոր ցանկացողներին նա հրավիրեց մասնակցելու գիտաժողովի ուսանողական թևի ելույթներին:
Փիլիսոփայության համաշխարհային օրը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում առանձնահատուկ փիլիսոփայական մթնոլորտ էր, քանի որ ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ բացվել էր «փիլիսոփայական սրճարան», որտեղ սուրճ ու թեյ վայելողները միաժամանակ ընթերցում ու քննարկում էին անվանի իմաստասերների՝ տարբեր ըմպելիքների ու մարդկային շփման շքեղության մասին ասույթներ։