ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ամերիկացի ուսանողներին շնորհվեցին հավաստագրեր «Ռուսաց լեզվի և տարածաշրջանի ուսուցում» ծրագրով նախատեսված կիսամյակը հաջողությամբ ավարտելու համար։
«Ռուսաց լեզվի և տարածաշրջանի ուսուցում» ծրագիրը կազմվել է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի կողմից և մեկնարկել է 2022 թ․ ամռանը։ Ծրագիրն ԱՄՆ տարբեր համալսարանների ուսանողներին առաջարկում է ռուսերենի ուսուցում ԵՊՀ-ում 2-8 շաբաթ, մեկ կիսամյակ կամ մեկ տարի տևողությամբ (ուսուցման տևողությունն ընտրում է ուսանողը): Առկա է նաև ամառային ծրագրով ուսուցման հնարավորություն։
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ Պավել Բալայանը նշեց․ «Տարբեր ծրագրերով Ռուս բանասիրության ֆակուլտետ են այցելում ուսանողներ ամերիկյան լավագույն համալսարաններից, այդ թվում՝ Հարվարդի, Սթենֆորդի, Եյլի, Կալիֆոռնիայի, Վիրջինիայի ու Էմորիի համալսարաններից։ Այն ուսանողները, որոնք իրենց համալսարանում ուսումնասիրում են ռուսերենը, գալիս են ԵՊՀ՝ բարելավելու լեզվի իմացությունը»։
Ամերիկացի ուսանողների առաջադիմությունը գնահատելու նպատակով ծրագրի աջակից, Վաշինգտոնում գործող «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» պետական կազմակերպությունն իր հայաստանյան մասնաճյուղի միջոցով («Հայաստանում ամերիկյան խորհուրդներ») ապահովում է շարունակական կապը համալսարանի հետ:
««Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» պետական կազմակերպությունը, որի աջակցությամբ ուսանողները գալիս են Հայաստան, անընդհատ ստուգումներ է անցկացնում՝ թեստերի միջոցով պարբերաբար ստուգելով և գնահատելով այստեղ սովորող ամերիկացի ուսանողների՝ ռուսերենի իմացության մակարդակը: Կազմակերպության ներկայացուցիչները նաև այցելում են ԵՊՀ՝ անցկացնելով դասալսումներ։ Վաշինգտոնի մեր գործընկերները փաստում են, որ ուսանողների՝ ռուսերենի իմացության մակարդակը բավականին բարձրացել է այս մեկ կիսամյակի ընթացքում»,- ասաց Պավել Բալայանը՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում հունվարին սպասվում է ԱՄՆ համալսարաններում սովորող ևս 6 ուսանողների այց ԵՊՀ։
Հավաստագիր ստացած չորս ուսանողներից երկուսը մեկ կիսամյակ են սովորել, իսկ մյուս երկուսը դեռ շարունակելու են ուսումը ԵՊՀ-ում։
Էմորիի համալսարանի ուսանող Քեմերոն Քրանվոլը ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում ուսանել է մեկ կիսամյակ։
«Էմորիի համալսարանը չուներ ռուսերենը խորապես ուսումնասիրելու ծրագիր, ուստի դասախոսներիցս մեկն առաջարկեց ինձ սովորել արտասահմանում։ Ռուսերենն ուսումնասիրելու համար ընտրեցի Հայաստանը, ինչի համար շատ ուրախ եմ։ Ինձ համար շատ կարևոր էր բարելավել ռուսերենի իմացության մակարդակը մասնավորապես խոսակցական տիրույթում։ Սա իմ առաջին փորձառությունն էր մեկ կիսամյակ արտերկրում սովորելու առումով, և ինձ համար շատ հաճելի էր ԵՊՀ-ում սովորելը»,- ասաց Քեմերոն Քրանվոլը։
Նա, խոսելով Հայաստանից ստացած իր տպավորություններից, ընդգծեց հայկական մշակույթի յուրահատկությունը. նրա համար հետաքրքրական էր նաև Հայաստանի աշխարհագրությունը, որը հասցրել է մի փոքր ուսումնասիրել․ «Եթե հնարավորություն ունենամ, անպայման կրկին կայցելեմ Հայաստան: Տեղի մարդիկ շատ բարի են ու հյուրընկալ, իսկ Երևանը շատ գեղեցիկ և հետաքրքիր քաղաք է»։
Վիրջինիայի համալսարանի ուսանող Փիթն Քասթիլը, արժևորելով ԵՊՀ-ում ստացած կրթությունը, նշեց․ «Մեկ կիսամյակի ընթացքում ես բավականին բարելավել եմ ռուսերենի իմացությունս, Վիրջինիայի համալսարանի պրոֆեսորը, որի հետ աշխատում եմ, ասում է՝ անհավանական է, որ այսքան կարճ ժամանակահատվածում կարողանում եմ սահուն խոսել ռուսերեն, հասկանում եմ տարբեր թեմաներով զրույցները ու ազատ խոսում այդ թեմաների շուրջ»։
Փիթն Քասթիլը, նկարագրելով հայերին, ասաց, որ հիացած է՝ տեսնելով, թե ինչ սահուն են հայերը խոսում երկու և ավելի օտար լեզուներով․ «Հասցրել եմ լինել Հայաստանի տարբեր քաղաքներում՝ այցելել եմ Դիլիջան, Գյումրի, Սևան, Էջմիածին, և ինձ գրավել է հայերի՝ օտար լեզուների գերազանց իմացությունը և ազատ հաղորդակցվելու կարողությունը»։
Նշենք, որ 2022 թ․ սկսած՝ «Ռուսաց լեզվի և տարածաշրջանի ուսուցում» ծրագրով Հայաստան այցելող ամերիկացի ուսանողների թիվը կրկնապատկվել է։ Պավել Բալայանը փաստեց, որ ամառային ծրագրի շրջանակում ֆակուլտետում կհյուրընկալվեն մինչև 50 ամերիկացի ուսանողներ։