Համալսարանը, կարևորելով միջազգային համագործակցության ընդլայնումը, օտարերկրյա ուսանողներին պարբերաբար ներգրավում է կրթական ծրագրերում և ապահովում ուսուցման համար նպաստավոր պայմաններ։ Ֆրանսիացի Բեատրիս Մարիե Ռիվերոնն ընտրել է ԵՊՀ-ն՝ իր գիտելիքները հարստացնելու ու մասնագիտական գործունեության հիմքերն ամուր դնելու համար։
Բեատրիսը, ավարտելով Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO) ռուսաց լեզու մասնագիտության բակալավրիատը, տեղափոխվել է Հայաստան՝ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կիսամյակի դասընթացներին մասնակցելու։
Նա, ԵՊՀ-ում ուսումնասիրելով գրական տեքստի վերլուծություն, տեքստի լեզվաբանություն, ռուս գրականությունը եվրոպականի համատեքստում, 21-րդ դարի լեզվաբանական ուղղությունները, ինչպես նաև այլ թեմաներ, հանձնել է քննություններ՝ արձանագրելով գոհացուցիչ արդյունքներ։
Երևանում ուսանելու հնարավորություն նրան ընձեռվել է ԵՊՀ-ի և Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO)-ի միջև կնքված համագործակցության պայմանագրի շնորհիվ։
«Հնարավորություն ունեի ուսումս շարունակելու Հայաստանում կամ Տաջիկստանում։ Առանց երկմտելու ընտրեցի Հայաստանը, քանի որ ընդհանրապես ծանոթ չէի կովկասյան տարածաշրջանին, միայն լսել էի, որ Հայաստանը հետաքրքիր է իր պատմությամբ, մշակույթով, աշխարհագրությամբ ու կրոնով»,- մեզ հետ զրույցում պատմեց Բեատրիս Ռիվերոնը։
Նա, խոսելով Փարիզում ստացած իր կրթությունից, ասաց, որ այնտեղ ռուսերենն ուսումնասիրել է որպես օտար լեզու, սակայն ԵՊՀ-ում այլ է ռուսերենի հանդեպ մոտեցումը․«Համալսարանում ես համակողմանիորեն ուսումնասիրել եմ ռուս բանասիրությունը, ինչի շնորհիվ ռուսերենը դարձել է իմ հարազատ լեզուն։ Ուսումնառությունը շատ հետաքրքիր էր, բայց նաև բարդ»։
Բեատրիսի նպատակը թարգմանչուհի դառնալն է, մեծ սեր ունի գեղարվեստական գրականության հանդեպ, ուստի հեռանկարում նաև գրական արժեքավոր գործերի թարգմանությամբ զբաղվելն է։
«Ես հիանում էի՝ տեսնելով ԵՊՀ իմ համակուրսեցիների խորքային գիտելիքները ռուս դասական գրողներից ու նրանց գործերից, ինչպես նաև նրանց՝ մի շարք ստեղծագործություններ արհեստավարժ ասմունքելը։ Երևանում գրականության հանդեպ սերն անհամեմատ զգալի է, գրականությունը դեռ ապրում է»,- նշեց նա։
Բեատրիսն ուսումը ԵՊՀ-ում շարունակելու որոշումը կայացնելուց հետո է միայն որոշել ծանոթանալ Հայաստանի պատմությանը՝ համացանցում փնտրելով տեղեկություններ նաև ՀՀ մասին։
«Ես հետաքրքրվեցի Հայաստանով և գիտակցեցի, որ հիասքանչ երկիր է՝ հարուստ մշակույթով ու հնագույն պատմությամբ։ Երևան ժամանեցի սեպտեմբերի 19-ին, այսինքն՝ Արցախի հրետակոծման օրը։ Իրավիճակին հետևում էի լուրերով և տխուր ու ծանր էր ինձ համար իմանալ, որ հայ ժողովուրդն ու հայկական մշակույթը ագրեսիայի վտանգի տակ են»,- ասաց Բեատրիսը՝ ընդգծելով Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը, հատկապես, որ Ֆրանսիան աջակցում էր Հայաստանին այդ դժվարին պահին։
Բեատրիսը ԵՊՀ-ում ուսանելու ժամանակ այցելել է նաև Հայաստանի տեսարժան վայրեր, իսկ նախքան քննաշրջանը՝ դեկտեմբերի վերջին, եղբոր հետ ավտոմեքենայով մեծ ճանապարհորդություն է ձեռնարկել, որն ավարտել է հունվարին․ «Մենք միասին այցելեցինք Գյումրի, Դիլիջան, Սևան, Տաթևի վանք։ Ես բացահայտեցի, թե ինչքան վանքեր ու սարեր ունի Հայաստանը, որոնք կարծես հայկական հավատքի պահապաններն են։ Բնությունը արտակարգ է։ Ինձ շլացնում էին ճանապարհին հանդիպող գույները, լույսը, որն ընկնում էր բարձունքներին, ոսկեգույն քարերին, ձյանը, խաչքարերին ու լճին»։
Ֆրանսիացի ուսանողին գրավել են նաև հայկական ուտեստները, հյուրընկալությունը։
«Մարդիկ հիմնականում շատ շռայլ են ու բաց՝ շփման համար, ինձ զարմացրեց օտարներին օգնելու նրանց անկեղծ առաջարկը և անծանոթների հետ ընկերական շփումը»,- նշեց Բեատրիսը՝ ընդգծելով, որ Հայաստանը հյուրընկալ երկիր է։
Նարա Մարտիրոսյան