Սեպտեմբերի 5-ին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում Գրքի երևանյան միջազգային փառատոնի (Yerevan Book Fest) շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ռուս գրականագետ, բլոգեր, խմբագիր, «Национальный бестселлер» և «Ясная Поляна» մրցանակների մեծ ժյուրիի անդամ Իվան Ռոդիոնովի հետ:
«Ինչպե՞ս է կազմակերպվում գրական գործընթացը» խորագրով հանդիպման ժամանակ գրականագետը խոսեց Ռուսաստանում ժամանակակից գրական գործընթացների առանձնահատկությունների մասին, ներկայացրեց ռուսական հիմնական գրական կազմակերպություններն ու ամսագրերը և մի շարք խորհուրդներ տվեց սկսնակ գրողներին: Իվան Ռոդիոնովը նշեց նաև այն կայքերը, որտեղ ուսանողները կարող են զետեղել իրենց ստեղծագործությունները:
Ուսանողները գրական քննադատին հարցեր ուղղեցին բլոգի և գրական քննադատության տարբերությունների, վերջին շրջանում հայտնի դարձած գրքերի բլոգերի առանձնահատկությունների մասին:
Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դ. Յու. Գազարովան նշեց, որ նման հանդիպումները կարևոր են ուսանողների համար, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում ֆակուլտետի ապագա բանասերներին ծանոթանալու և տեղեկանալու գրականագիտական հոդվածներ գրելու գործընթացին, գեղարվեստական ստեղծագործությունների վերլուծության նրբություններին, ինչպես նաև ժամանակակից ռուս գրականությանը: