Ռուս բանասիրության ֆակուլտետում անցկացվեց վերապատրաստման ծրագիր, որը վերաբերում էր ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման առանձնահատկություններին։
Ուֆայի պետական նավթային տեխնիկական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Աննա Նիկողոսյանը վերապատրաստում անցավ «Ֆունկցիոնալ-հաղորդակցական մոտեցումը ռուսերենը՝ որպես օտար լեզու, դասավանդելիս» ծրագրով: Պրակտիկայի ղեկավար, ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովայի հետ քննարկվեցին ՀՀ-ում և ՌԴ-ում ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ռուսաց լեզվի քերականական համակարգի ազգային-մշակութային առանձնահատկությունները: Ա. Նիկողոսյանը ծանոթացավ ԵՊՀ-ում ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ժամանակ կիրառվող ուսումնամեթոդական գրականությանը: Երկշաբաթյա ծրագրի շրջանակում դասախոսը ներկա էր նաև ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում հատուկ ծրագրով սովորող օտարերկրյա (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն) ուսանողների դասընթացներին:
Ֆակուլտետի դեկան և վերապատրաստման ծրագրի ղեկավար Դիանա Գազարովան նշեց, որ նմանօրինակ ծրագրերը միտված են ոչ միայն փորձի փոխանակմանը, այլև համագործակցության հնարավոր ուղիների ընդլայնմանը: Ծրագրի արդյունքում ձեռք բերվեցին նաև պայմանավորվածություններ համատեղ գիտական առցանց սեմինարներ կազմակերպելու վերաբերյալ: Վերապատրաստման ծրագրի կարևոր գիտական բաղադրիչը, ըստ Դ. Գազարովայի, Ա. Նիկողոսյանի գիտական հոդվածի պլանավորված հրատարակումն է «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն» պարբերականում.
Ա. Նիկողոսյանը նշեց, որ վերապատրաստման ծրագրի ընթացքում ստացած փորձը նախատեսում է կիրառել իր դասախոսական գործունեության մեջ. «Իմ շնորհակալությունն եմ հայտնում ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությանը, Ռուս բանասիրության ֆակուլտետին՝ նմանօրինակ ծրագրի մասնակցելու հնարավորություն ընձեռելու և, իհարկե, ջերմ ընդունելության համար»: