2023-2024 ուսումնական տարվանից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գործում է Երիտասարդ հետազոտողների ասոցիացիան։
Երիտասարդ հետազոտողների ասոցիացիայի (ԵՀԱ) ստեղծումը միտված էր ուսանողության շրջանում հետազոտական-վերլուծական մտքի և ունակությունների զարգացմանը, ուսանողների՝ համալսարանական դասընթացներից դուրս ինքնարտահայտման և սեփական հմտությունների զարգացման հարթակի ստեղծմանը։ ԵՀԱ-ն ուսանողական նախաձեռնություն է և գործում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Ասոցիացիայի ստեղծմանը և հետագա գործունեության արդյունավետությանը մեծապես նպաստեց ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի աջակցությունը։
Գործունեության հիմնական օղակներից մեկը, հետազոտական աշխատանքներ գրելուց զատ, համալսարանական դասաժամերից դուրս ուսանողների համար դասախոսների հետ հանդիպումների կազմակերպումն էր և հետազոտական աշխատանքներին ու, ընդհանրապես, միջազգային հարաբերություններին առնչվող հարցերի ուսումնասիրումը, ինչը հնարավորություն է տալիս համակողմանիորեն ծանոթանալու միջազգային հարաբերություններում առկա թեմաներին՝ հետագայում հետազոտական աշխատանքում ստացած գիտելիքներն օգտագործելու հեռանկարով։
Ասոցիացիայի բացման օրվանից սկսած՝ աշխատանքներն ուղղված են եղել «Համաշխարհային դերակատարների քաղաքական հայեցակարգերը և արտաքին քաղաքականության գերակայությունները` նոր ձևավորվող աշխարհակարգի անցումային փուլում» փուլային դասընթացների կազմակերպմանը։ Ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական փուլերից։ Տեսական փուլում մասնակիցները ուսումնասիրում են համաշխարհային դերակատարների արտաքին քաղաքական հայեցակարգերը և արտաքին քաղաքականությունը փոփոխվող աշխարհաքաղաքականության պայմաններում։ Տեսական փուլի շրջանակում ձեռք բերած գիտելիքները ուսանողները հնարավորություն կունենան կիրառելու համապատասխան վերլուծական աշխատանքներում։ Վերլուծական հակիրճ աշխատանքները կստանան ԵՀԱ համապատասխան հանձնաժողովի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի աջակցությունը։
Ներկայում ծրագիրը, որին մասնակցում են 20-ից ավելի ուսանողներ ոչ միայն Երևանի պետական համալսարանից, այլև Հայաստանի մի շարք այլ բուհերից, ընթացքի մեջ է։ Մասնակիցներն ընտրվել են հարցազրույցի արդյունքում, որի ժամանակ հնարավորություն ենք ունեցել ծանոթանալու մասնակիցների հետ, նրանց հետաքրքրություններին, նպատակներին և, իհարկե, ծրագրից ունեցած սպասելիքներին։ Լինելով ամենատարբեր ոլորտներից՝ ուսանողները հիմնականում ունեն իրենց պատկերացումները ապագա հետազոտական աշխատանքի ուղղվածության և թեմաների վերաբերյալ, որոնց շուրջ հավելյալ գիտելիքների ապահովումը և աշխատանքը գրելու աջակցությունը կտրամադրենք մենք։
Այսպիսով, մենք կատարում ենք մեր առաջին հաստատուն քայլերը՝ ուղղված մեր ամենամեծ նպատակին՝ ուսանողական կյանքին նոր շունչ հաղորդելուն։