ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ Վալենտինա Գևորգյանի նոր գրքում քննարկվում են հետխորհրդային կոչումից հրաժարվելու Հայաստանի հնարավորությունները քաղաքացիական հասարակության ու պետական կառավարման համակարգի միջև հարաբերությունների համատեքստում։
Գիրքը ներկայացնում է քաղաքացիական հասարակության դերակատարների կարևորությունը անցումային փուլում գտնվող երկրների ժողովրդավարացման համար: Հետխորհրդային երկրների անցումային փուլը և տեսակով հիբրիդային ռեժիմների մասին ուսումնասիրությունները մնում են արդիական՝ հաշվի առնելով այդ երկրների զարգացմանն ու ժողովրդավարացմանը խոչընդոտող ներքին ու արտաքին խնդիրներն ու մարտահրավերները։
Այս աշխատանքը ՀՀ Կառավարության և հասարակության միջև փոխհարաբերությունների կամ գործակցության տատանումների մասին է: Հետխորհրդային այլ երկրների փորձի համաձայն՝ անկախացումից ի վեր Հայաստանում քաղաքացիական հասարակության ու պետական կառույցների միջև հարաբերությունները եղել են խնդրահարույց՝ տարբեր գործոններով պայմանավորված (ներառյալ խորհրդային ժառանգություն, ինստիտուցիոնալ բացեր, հանրային քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացներում ոչ ֆորմալ հարաբերություններ և այլն): Միևնույն ժամանակ Հայաստանը պարտավորվել է ստեղծել ու միանալ մի շարք ինստիտուցիոնալ, տեղական ու միջազգային, երկկողմ ու բազմակողմ հարթակներին՝ Կառավարության ու քաղաքացիական հասարակության անդամների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ քաղաքականության մշակման նպատակով:
Աշխատանքը ներկայացնում ու բացատրում է Հայաստանում քաղաքացիական հասարակության ու պետական կառույցների միջև հարաբերությունների տեսակները, համեմատաբար դիտարկում երեք տասնամյակների ընթացքում քաղաքական ղեկավարության-քաղաքացիական հասարակության երկկողմ հարաբերությունների օրինաչափությունները, վերլուծում ու ներկայացնում Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջոցով երկրի առաջընթացի հնարավորությունները:
Քաղաքացիական հասարակության անդամներն ունեն տարբեր դերեր ու գործառույթներ: Այս գիրքը կենտրոնանում է հանրային քաղաքականության մշակման մեջ քաղաքացիական հասարակության մասնակցության և մարդու իրավունքների պաշտպանության գործառույթների վրա: Գրականության մեջ ներդրումի տեսանկյունից աշխատանքն առաջարկում է նորօրինակ քննարկում պետություն-հասարակություն հարաբերությունների համատեքստում։ Աշխատանքի նորարարական տարրը հեղինակի մեթոդաբանական մոտեցումն է, որ մշակվել է երկրում քաղաքացիական հասարակության տեղական ու միջազգային ինստիտուցիոնալ հարթակների, առկա ձևաչափերի հեղինակի կողմից համապարփակ վերլուծության հիման վրա:
Գրքի հղումը՝ այստեղ։