ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դեկան Կառլեն Խաչատրյանի նախաձեռնությամբ մեկնարկել է «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը, որն աննախադեպ է իր բովանդակությամբ և ուղղվածությամբ:
Դպրոցականների համար նախատեսված «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը հագեցած է ուսումնական և ճանաչողական բնույթի միջոցառումներով և հավակնում է դառնալու ամենամյա՝ ներգրավելով աշակերտների ՀՀ բոլոր ավագ դպրոցներից:
Ծրագիրը միտված է զարգացնելու բուհ-դպրոց համագործակցությունը, ուղղորդելու աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում:
«ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագրի նպատակն է ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում գործող «Տնտեսագիտություն», «Կառավարում», «Ֆինանսներ» բակալավրի կրթական ծրագրերի առանձնահատկություններին:
Ծրագրի ուսումնական բաղադրիչի շրջանակում աշակերտները հնարավորություն ունեն լսելու ինտերակտիվ դասախոսություններ և ծավալելու քննարկումներ: Դասընթացներն ուղեկցվում են թիմային աշխատանքներով և բիզնես խաղերով:
Ճանաչողական բաղադրիչի կազմակերպման աշխատանքներում ներգրավված ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ուսանողական խորհրդի անդամներն աշակերտներին ծանոթացնում են ֆակուլտետում կազմակերպվող արտալսարանային՝ ինտելեկտուալ և մշակութային միջոցառումներին:
Ծրագիրը եզրափակվում է վիկտորինայով և մրցանակաբաշխությամբ: «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագրի ավարտին մասնակիցները ստանում են հավաստագրեր:
Ս.թ. մարտի 16-ից ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագրի գարնանային շրջանը: ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աջակցությամբ երկօրյա ծրագրին հայտագրվել է 150 աշակերտ։ Արդեն կայացած երկու փուլերի ընթացքում ծրագրին մասնակցել է 80 աշակերտ:
Մասնակիցները Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական, «Հերացի» ավագ, Կ. Դեմիրճյանի անվան №139, Ավ. Իսահակյանի անվան №16, Լեոյի անվան №65, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի», «Օլիմպոս» կրթահամալիրի, №195 ավագ, Երևանի թիվ 2 ավագ, Հրազդանի Հ. Օրբելու անվան №13 ավագ դպրոցների աշակերտներն էին: