Ս.թ. մարտի 22-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Ընկերություների մատակարարման շղթաները և գիտելիքների ցանցերի դերը Ճապոնիայի տնտեսական աճի և կայունության գործում» թեմայով դասախոսություն կարդաց Վասեդա համալսարանի (Ճապոնիայի երկրորդ ամենամեծ համալսարան) դոկտոր, պրոֆեսոր Յասույուկի Տոդոն։
Արժևորելով ֆակուլտետում անցկացվող այսօրինակ հանդիպումները՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանն ընդգծեց փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված միջազգային գործընկերության ընդլայնման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ամրապնդման և ակադեմիական շարժունության խթանման կարևորությունը:
Հանդիպմանը ճապոնացի պրոֆեսորը ներկայացրեց ճապոնական տնտեսության զարգացման առանձնահատկությունները:
Յասույուկի Տոդոն նաև Սթենֆորդի համալսարանի դոկտոր է, Զարգացման տնտեսագիտության ճապոնական ասոցիացիայի և Միջազգային տնտեսագիտության ճապոնական միության խորհրդի անդամ:
Պրոֆեսորը հետազոտություններ է կատարում միջազգային տնտեսագիտության, զարգացման տնտեսագիտության և կիրառական միկրոէկոնոմետրիկայի ոլորտներում։
Նա հեղինակ է մոտ 70 ակադեմիական հոդվածների, որոնք տպագրվել են բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում, այդ թվում՝ «Nature Sustainability», «Journal of Industrial Economics», «Journal of Regional Science», «Research Policy», «World Development and Ecological Economics» և այլն։
Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել էր Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ուսումնական ծրագրի շրջանակում։