Ս.թ. ապրիլի 18-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ գիտագործնական սեմինարի հերթական նիստը: «ՀՀ բյուջետային քաղաքականության արդյունավետությունը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ տնտեսագիտության դոկտոր, Ֆինանսահաշվային ամբիոնի պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
Պրոֆեսորն ընդգծեց պետական մակարդակում երկրի ֆինանսների արդյունավետ կառավարման դերն ու կարևորությունը շուկայական հարաբերությունների զարգացման բոլոր փուլերում:
Ներկայացվեցին ՀՀ պետական եկամուտների արդյունավետ ու հիմնավորված ծախսային ուղղությունների ընտրության հիմնահարցերը:
Ընդգծելով դիտարկվող խնդրի ազդեցության շրջանակը՝ պրոֆեսոր Վ. Բոստանջյանի մեկնաբանությամբ ներկայացվեցին ՀՀ-ում բյուջետային քաղաքականության իրականացման գործընթացում շոշափվող առկա դժվարությունները, ռիսկերն ու անորոշությունները, որոնք ծագում են պետական պարտքի և պահուստների կառավարման, գնումների իրականացման և այլ կարևոր գործընթացներում:
Սեմինարին քննարկվեցին և դիտարկվեցին մի շարք առաջարկություններ, որոնք կարող են նպաստել բյուջետային համակարգի արդյունավետության բարձրացմանը, առկա ռիսկերի զսպմանը և արձանագրված խնդիրների լուծմանը:
Գիտնականների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների ակտիվ քննարկումների արդյունքում ձևավորվեց մոտեցում, որը հնարավորություն կընձեռի առկա խնդիրների լուծմանն ուղղված նոր նախաձեռնությունների շրջանակում լիազոր մարմնի հետ համագործակցությամբ նպաստելու պետական ծախսերի արդյունավետության բարձրացմանը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է գիտագործնական սեմինարների շարք։ Սեմինարներին մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ այլ համալսարանների պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ: