Ս․թ․ մայիսի 8-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Կառավարում» բակալավրի կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողներն այցելեցին «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ։
Այցի շրջանակում ուսանողները ծանոթացան «Ալեքս Տեքստիլ» ընկերության պատմությանը, ընկերության կայուն զարգացման, արտադրանքի որակի և տեխնոլոգիական գործընթացների վերահսկողության, արտադրողականության կառավարման, արտադրության ինտենսիֆիկացման, աշխատանքի անվտանգության ապահովման ծրագրերին։ Ուսանողներն ականատես եղան ընկերության գուլպաների և զուգագուլպաների արտադրական մի շարք գործընթացների:
Շրջայցն ուղեկցվում էր մասնագիտական բացատրություններով և մեկնաբանություններով: Ներկայացվեցին նաև ընկերության մարքեթինգային և վաճառքի քաղաքականության առանձնահատկությունները:
Հարցուպատասխանից հետո ուսանողների այցն ամփոփվեց ընկերության SWOT վերլուծությամբ՝ գնահատելով «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ի արդի վիճակն ու ապագա զարգացման հնարավորությունները:
Այցը կազմակերպվել էր «Արտադրության մենեջմենթ» առարկայի շրջանակում: Ուղեկցող դասախոսը Կառավարման ամբիոնի դոցենտ Ամալյա Գալստյանն էր:
Նշենք, որ «Ալեքս Տեքստիլ»-ը տարածաշրջանի խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2015 թվականին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացնել արտաքին շուկայում: