ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հյուրընկալվեց Լյուքսեմբուրգի համալսարանի իրավագիտության, տնտեսագիտության և ֆինանսների ֆակուլտետի դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Իրմեն և ուսանողներին ներկայացրեց «Քանակական մեթոդները տնտեսագիտությունում և ֆինանսներում» մագիստրոսական ծրագիրը (Master in Quantitative Economics and Finance (MQEF)):
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի՝ մինչև երկու ուսանողի ընձեռնվում է հնարավորություն կրթությունը շարունակելու վերոհիշյալ մագիստրոսական ծրագրով՝ անվճար հիմունքներով և կրթաթոշակի հնարավորությամբ, եթե ուսանողները բավարարեն ներկայացվող պահանջներին։
Հանդիպման ընթացքում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանն ընդգծեց փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված միջազգային համագործակցության ընդլայնման, ուսանողների շարժունության խթանման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությունը:
Հանդիպմանը ներկա էր նաև Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, միջազգային կապերի պատասխանատու, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը:
Նշենք, որ Լյուքսեմբուրգի համալսարանը առաջին պետական համալսարանն է, որն աչքի է ընկնում իր որակյալ կրթությամբ և նորարարական մոտեցումներով:
Պրոֆեսոր Անդրեաս Իրմենի այցը Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության կողմից: