ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները «Ֆինանսներ-2» դասընթացի շրջանակում այցելեցին «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ:
Բանախոսը «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանն էր:
Այցի շրջանակում բանախոսն ուսանողներին ծանոթացրեց ընկերության կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների կառուցվածքին, տեղաբաշխման աշխարհագրությանը, միջին տարեկան եկամտաբերությանը և աճի միտումներին:
Համաշխարհային ներկայացվածության շնորհիվ ընկերությունը շուկայում առանձնանում է առաջարկվող տեղական և միջազգային ներդրումների հասանելիությամբ, տիրապետում է ներդրումային գործընթացների գնահատման և կառավարման առաջադեմ տեխնոլոգիաներին և մեթոդներին։
Հանդիպումն ուսանողների համար կարևորվեց դասընթացի շրջանակում դիտարկվող թեմաների ուղղությամբ նրանց գիտելիքներն ամրապնդելու տեսանկյունից:
Մասնավորապես՝ ընկերության կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի երկարամյա փորձառու կառավարիչ Հրայր Ասլանյանի ներկայացմամբ ուսանողները ծանոթացան ընկերության ներդրումային և ռիսկերի կառավարման ռազմավարություններին, ինչպես նաև պորտֆելի ձևավորման և կառավարման առանձնահատկություններին ու գործիքակազմին:
Ընդգծենք, որ ընկերությունը աշխարհում լայն ճանաչում ունի նաև շնորհիվ ֆոնդերի կառավարման ոլորտում «սմարթ բետա» (smart beta) ռազմավարության, կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված ֆոնդերի (ETF), մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերի (Private Equity), անշարժ գույքի, այլընտրանքային ակտիվների, համաշխարհային բաժնային և կայուն եկամտաբերությամբ գործիքներում իրականացվող ներդրումների, կառուցվածքային և երաշխավորված լուծումների մասով էքսպերտիզայի:
Հանդիպումն անցավ ինտերակտիվ ձևաչափով, հնչեցին բազմաթիվ հարցեր, ձեռք բերվեցին հետագա համագործակցության պայմանավորվածություններ: Նշենք, որ ուսանողներին ուղեկցեց Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Լ. Կարապետյանը։