Նպատակ ունենալով զարգացնելու երիտասարդ մասնագետների և ուսանողների բիզնես հմտությունները և խթանելու միջազգային համագործակցությունը՝ բացվեց «CaseKey» ակադեմիան, որը խոստանում է նոր շունչ հաղորդել բիզնես կրթությանը։
«CaseKey Academy»-ի և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի համագործակցությունը նպատակ ունի մասնակիցների համար ստեղծելու դինամիկ և բարենպաստ ուսումնական միջավայր:
Օգտագործելով երկու հաստատությունների ռեսուրսներն ու հարուստ փորձը՝ ծրագիրը մասնակիցներին կառաջարկի համապարփակ և հարստացնող ուսուցման փորձ: Գործընկերությունն ընդգծում է համագործակցության կարևորությունը բիզնես կրթության առաջխաղացման գործում և երկու հաստատությունների հանձնառությունը՝ աջակցելու բիզնես առաջնորդների կրթությանը:
«CaseKey»-ի համահիմնադիր Արշակ Կարապետյանի խոսքով՝ ակադեմիան հնարավորություն կտա Հայաստանի կրթական համակարգին լինելու ավելի մրցունակ միջազգային ասպարեզում, ինչպես նաև կսահմանի նոր նշաձող այս ոլորտում։
Ակադեմիան «CaseKey» մրցույթի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր և համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ, որը նաև վարելու է ամբողջ կրթական ծրագիրը:
«Այս ծրագիրը Հայաստանի ուսանողներին կտա հնարավորություն զինվելու գլոբալ բիզնեսի վերլուծության հմտություններով, կատարելագործելու իրենց փորձառությունը և կստեղծի նախադրյալներ վաղվա առաջնորդներ դառնալու համար։ Շնորհակալություն եմ հայտնում «Team Telecom Armenia»-ին ուսանողներին այս հնարավորությունն ընձեռելու համար»,- նշեց Պիտեր Վերհալենը։
Ակադեմիայի դասընթացներին մասնակցելու հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ կազմակերպիչները ավելացրել են նաև հեռավար դասընթացների ձևաչափը։ Երկամսյա ինտենսիվ ուսուցմանը նախատեսված 100-ի փոխարեն մասնակցելու է 190 ուսանող Հայաստանի տարբեր համալսարաններից։ Պրոֆեսոր Վերհալենը աշխատելու է նաև տեղացի մարզիչների հետ՝ փոխանցելով իր միջազգային փորձը և ներկայացնելով արդյունավետ մարզչական տեխնիկա: Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր։