Во дворе Ереванского государственного университета прошли торжественные проводы выпускников ЕГУ 2023-2024 учебного года. В этот запоминающийся день выпускники смогли ещё раз оценить свои достижения и успехи, а также результаты, полученные за время учебы в университете.
ԵՊՀ-ն յուրաքանչյուր տարի մասնագիտական մեծ ճանապարհորդության է ուղարկում հազարավոր շրջանավարտների, որոնք համալրում են տարբեր ոլորտների լավագույն մասնագետների շարքերը: Նրանք մասնագիտական հաջողությունների են հասնում գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության քաղաքականության և հասարակական կյանքի տարբեր բնագավառներում: Շուրջ 3300 մասնագետ այսուհետ իր գործունեությունը կծավալի Հայաստանում ու Հայաստանից դուրս՝ տարածելով ԵՊՀ-ում ստացած գիտելիքներն ու համակարգային արժեքները: Այս տարի համալսարանն ունի բակալավրիատի 2046 առկա ուսուցմամբ ու 418 հեռակա ուսուցմամբ և մագիստրատուրայի 667 առկա ուսուցմամբ, 153 հեռակա ուսուցմամբ շրջանավարտ:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը 2023-2024 ուստարում ունի բակալավրիատի 185 առկա ուսուցմամբ ու 43 հեռակա ուսուցմամբ և մագիստրատուրայի 33 առկա ուսուցմամբ, 28 հեռակա ուսուցմամբ՝ ընդհանուր թվով 289 շրջանավարտ:
ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառման մեկնարկը ազդարարվեց ՀՀ և ԵՊՀ օրհներգերով։ ԵՊՀ օրհներգը հնչեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախմբի կատարմամբ։
Հաջողություն մաղթելով 2023-2024 ուստարվա շրջանավարտներին և խոսելով ԵՊՀ առաքելության մասին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց. «Համալսարանը՝ որպես Հայաստանի Հանրապետության մտավոր ինքնիշխանության կարևորագույն կենտրոն, պետք է անի ամեն բան, որ մեր պետությունն ու հասարակությունը շարունակաբար համալրվեն մոտիվացված, բանիմաց, արդյունավետություն և զարգացում ապահովող, առաջադեմ, միջավայր փոխող, դժվարություններ ու ճգնաժամեր հաղթահարող անհատականություններով։ Սա է մեր առաքելությունը, սրան պետք է ուղղված լինեն մեր բոլոր ջանքերն ու ծրագրերը»։
ԵՊՀ ռեկտորը հավելեց, որ պետք է շարունակաբար բարելավել ու շրջապատող աշխարհի առաջնահերթություններին համապատասխանեցնել ԵՊՀ կրթական ծրագրերը, շարունակել հետազոտել և գիտական նոր ձեռքբերումներ արձանագրել:
Անդրադառնալով այս տարվա շրջանավարտներին՝ Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ կրթական այս շրջանի ավարտն անցած ճանապարհը գնահատելու և ապագայի համար հեռանկար սահմանելու հնարավորություն է։ Այն պետք է օգտագործել ապագան ճիշտ կառուցելու համար:
Ի՞նչ է տվել ԵՊՀ-ն, և ի՞նչ հնարավորություններ է ընձեռում ԵՊՀ շրջանավարտ լինելը․ իր փորձի մասին պատմեց ավարտական միջոցառման հիմնական բանախոս, ԵՊՀ շրջանավարտ, «Թել-Սել» ընկերության տնօրեն Արտյոմ Ղազարյանը:
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ լինելը և ԵՊՀ շրջանավարտներին իմ մաղթանքը հղելը։ Երևանի պետական համալսարանի շրջանավարտ լինելը նշանակում է ոչ միայն մեր երկրի բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմի սան լինել, այլև այն առանձնահատուկ կոչում է, որն ավելի է արժևորվում կյանքի ընթացքում:
Երբ ես պատրաստվում էի բուհ ընդունվելուն, ապրում էինք տնակում, ունեի փոքրիկ մի անկյուն իմ գրքերի և տետրերի համար, որտեղ իր առանձնահատուկ տեղն ուներ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նկարը։ Այստեղ կրթություն ստանալը իմ նպատակն էր»,- պատմեց Ա. Ղազարյանը՝ շեշտելով, որ գիտելիքը ամենամեծ և անփոխարինելի հիմնաքարն է, առաջ մղող ուժը:
«Հիշե՛ք, որ 20 տարի անց շնորհակալություն եք հայտնելու այն դասախոսներին, որոնք պահանջել են ավելի լավ սովորել, միշտ ձգտել ավելիին՝ թույլ չտալով բավարարվել ցածր գնահատականով: Սովորե՛ք անդադար, կատարելագործվե՛ք և ամեն օր դարձե՛ք ավելի լավը, սիրե՛ք հայրենիքը ու արե՛ք ամեն բան հանուն մեր երկրի առաջընթացի: Մաղթում եմ ձեզ մեծ նվաճումներ, հաջողություններով լի ապագա»,- դիմելով շրջանավարտներին՝ ասաց Ա. Ղազարյանը:
Լավագույն առաջադիմություն ունեցող 42 շրջանավարտներ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներից հանդիսավորությամբ ստացան իրենց ավարտական վկայականները։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից հանդիսավորությամբ իրենց ավարտական վկայականները ստացան բակալավրիատի «Կառավարում» կրթական ծրագրի շրջանավարտ, Գրիգոր Տաթևացու անվան անվանական կրթաթոշակառու Վիկտորյա Վահագնի Մաթևոսյանը և «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ Հակոբ Վարդանի Հակոբյանը:
ԵՊՀ շրջանավարտների անունից ելույթ ունեցավ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոս Մարինե Մկրտչյանը՝ խոսելով համալսարանական տարիների, մասնագիտական ձեռքբերումների և դրանցում ԵՊՀ-ի ունեցած դերի մասին։
«Ինչպես ես, այնպես էլ շատ շրջանավարտներ, երբ առաջին անգամ մուտք էինք գործում համալսարան, երբևէ չէինք պատկերացնի, որ հենց այս պատերի ներսում պետք է ունենանք մեր կյանքի ամենահիշարժան շրջափուլերից մեկը։ Այսօր, երբ հետհայացք եմ նետում նախորդ 5 ուսումնական տարիներին, հասկանում եմ, որ հիմնականում հիշում եմ համալսարանական այն ձեռքբերումներս, որոնց հասել եմ մեծ դժվարություններով։ Համալսարանական կյանքը միայն անհոգ օրեր չեն, այլ նաև խոչընդոտների ու մարտահրավերների հաղթահարման մի ընթացք, որի ժամանակ դասախոսական անձնակազմը մատնանշում է դրանց լուծման ուղիները և նպաստում, որ զարգացնենք անընդհատ փոփոխվող աշխարհում արագ կողմնորոշվելու կարողությունը, քննադատական մտածողությունն ու կյանքի բոլոր օրերում սեփական դեմքն ու դիմագիծը պահելու կարևորությունը»:
Բանախոսների ելույթներին հաջորդեց ԻնեկոՓիփլի և Ինեկոբանկի աջակցությամբ կազմակերպված տոնական համերգը, որի ժամանակ կատարումներով հանդես եկան «YSU Band», «Լավ էլի» և «Darwin’s Project» երաժշտական խմբերը: