ԵՊՀ 6-րդ մասնաշենքի (Սև շենքի) դահլիճում տեղի ունեցավ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 2023-2024 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Շրջանավարտներին ողջունեցին և բարի երթ մաղթեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և հրավիրյալ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, խոշոր գործարարներ:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ հորդորելով բարձր պահել համալսարանականի պատիվը և հպարտությամբ կրել համալսարանականի բարձր կոչումը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, շնորհավորելով շրջանավարտներին, ևս մեկ անգամ ընդգծեց. «90-ամյա հարուստ պատմություն ունեցող ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն անում է առավելագույնը մրցունակ և որակյալ կրթություն տալու համար, որի վառ ապացույցը մեր հազարավոր շրջանավարտներն են, որոնք այսօր հաջողությամբ իրենց գործունեությունն են ծավալում ինչպես պետական ինստիտուտներում, այնպես էլ մասնավոր կազմակերպություններում»:
Միջոցառմանը ներկա էին նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հյուրեր և ուսանողներ:
Շրջանավարտներին շնորհավորելու և դիպլոմների հանդիսավոր հանձնման արարողությանը մասնակցելու հրավերով դահլիճում էին ֆակուլտետի նախկին շրջանավարտներ Անդրանիկ Գրիգորյանը («Կոնվերս բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ), Արթուր Սահակյանը («Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն), և Սերգեյ Խաչատրյանը («Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ գործադիր տնօրեն):
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, հպարտորեն նշեց, որ 24 տարի առաջ ինքն էլ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը:
Շնորհավորանքներին միացան նաև ֆակուլտետի մյուս շրջանավարտները, որոնց բոլորի հորդորն էր բարձր պահել համալսարանականի պատիվը, անդադար զբաղվել ինքնակրթությամբ, շարունակաբար զարգացնել մասնագիտական կարողություններն ու հմտությունները:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը 2023-2024 ուստարում ունի բակալավրիատի 185 առկա ուսուցմամբ ու 43 հեռակա ուսուցմամբ, իսկ մագիստրատուրան՝ 33 առկա ուսուցմամբ, 28 հեռակա ուսուցմամբ շրջանավարտներ: