ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը Վիեննայի բնական ռեսուրսների և կյանքի մասին գիտությունների համալսարանի (BOKU) և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի (ԿՀԳԿ) հետ համատեղ 2023 թվականից իրականացնում է «Մասնակցային մոտեցմամբ էկոհամակարգային ծառայությունների գնահատում` Հայաստանի ջրային ռեսուրսների կայուն կառավարման նպատակով» («EcoServ») նախագիծը, որը ֆինանսավորում է Ավստրիական զարգացման համագործակցության (ADC) «Բարձրագույն կրթություն և հետազոտություններ հանուն միջազգային զարգացման համագործակցության» (APPEAR) ծրագիրը:
Նախագծի շրջանակում ս․թ. հունիս-հուլիս ամիսներին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և Կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ Նոննա Խաչատրյանը «EcoServ» նախագծի գործընկերների հետ կազմակերպել և իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ:
Հրազդան գետի հովտի համայնքներում կանանց և աղջիկների կարողությունների զարգացման նպատակով «EcoServ»-ի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակում անցկացվել է բիզնես դասընթաց՝ էկոհամակարգային ծառայություններին առնչվող մեկնարկող և գործող բիզնեսների համար։ Շուրջ 25 մասնակիցներ մշակել են գործարար ծրագրեր և ներկայացրել դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի գնահատմանը. «EcoServ»-ի շնորհիվ 5 դրամաշնորհառու առաջիկայում կմեկնարկեն իրենց բիզնեսները։
Միջգիտակարգային համագործակցության կարևորությունից ելնելով՝ Աղվերանում կազմակերպվել է մասնագիտական երկօրյա սեմինար, որի նպատակն էր խթանել տարբեր բնագավառների մասնագետների միջև փոխգործակցությունը՝ հանուն էկոհամակարգային ծառայությունների ոլորտում կրթության ավելի լայն ներդրման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման։ Սեմինարը միավորել էր ՀՀ առաջատար բուհերի դասախոսների և Հրազդան գետի ավազանի ամենատարբեր բնակավայրերի երկու տասնյակից ավելի փորձառու մանկավարժների: Նախագծի բովանդակությանը համահունչ՝ իրականացվել են ոլորտային հետազոտություններ և նախագծեր կատարելու հմտությունների ու կարողությունների զարգացմանը միտված մի շարք գործողություններ։
Աղվերանում կազմակերպվել է նաև վեցօրյա ամառային դպրոց, որին մասնակցել են տարբեր բուհերի և մասնագիտությունների ուսանողներ, դասախոսներ, ինչպես նաև տեղի բնակչությունը, որոնք համախմբվել էին Հրազդան գետի ավազանի էկոհամակարգային ծառայությունների գնահատման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակների շուրջ։ «EcoServ» նախագծի հիմքում քաղաքացիական գիտության (Citizen Science) մասնակցային և միջգիտակարգային մոտեցումներն են, որոնց ներդրման և կիրառման ուղղությամբ ամառային դպրոցի ընթացքում թվով 20 ուսանողներ հնարավորություն ունեցան խորացնելու իրենց գիտելիքները և զարգացնելու հմտությունները: Նրանք, ծանոթանալով նշված մոտեցումների որոշակի մեթոդների, դաշտային աշխատանքների ընթացքում հնարավորություն ստացան դրանք գործնականում փորձարկելու Բջնի և Արզական համայնքներում։
Կարևորելով միջգիտակարգային ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության խորացումը, ինչպես նաև հետազոտական բաղադրիչի՝ կրթության մեջ կյանքի խնդիրների ներդրմամբ ակտիվ կիրառումը դասավանդման գործընթացում՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը մշտապես մասնակցում է տարբեր նախաձեռնությունների, որոնք նպաստում են մրցունակ մասնագիտական կրթական ծառայությունների մատուցմանը։