Ս.թ. սեպտեմբերի 21-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տնտեսագիտություն» բակալավրի կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողներն այցելեցին Արագածոտնի մարզի «Ոսկեվազի գինու գործարան»:
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան գինիների արտադրման ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներին, այնպես էլ ավանդական, հին կարասներին, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին: Այցի ընթացքում ուսանողները շրջեցին գինու մառաններով, ծանոթացան գործարանի պատմությանը, ինչպես նաև գինու պատրաստման առանձնահատկություններին:
Նշենք, որ գինեգործարանի տարածքում բազմաթիվ շինարարական աշխատանքներ են կատարվում՝ նոր, եզակի զբոսաշրջային համալիր ստեղծելու նպատակով։
Ուսանողների այցը կազմակերպվել է Կառավարման և գործարարության ամբիոնի դասախոս Աննա Մկրտչյանի ուղեկցությամբ։
Ուսանողական կյանքն ավելի հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար ֆակուլտետում հաճախ են կազմակերպվում նմանօրինակ ճանաչողական այցեր, հանդիպումներ և միջոցառումներ: