ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները «Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների» ամբիոնի դոցենտ Վարդուհի Գաբրիելյանի ուղեկցությամբ կազմակերպեցին էքսկուրսիա դեպի Հայաստանի տեսարժան վայրեր։
Խոր Վիրապի վանքում նրանք հանգամանորեն ծանոթացան Գրիգոր Լուսավորչի բանտարկության պատմությանը և վայելեցին Արարատ լեռան անկրկնելի տեսարանը։
Ուղևորվելով Պարույր Սևակի տուն-թանգարան՝ ուսանողները ծանոթացան մեծ բանաստեղծի կենսագրությանը, գրական ժառանգությանը և անձնական իրերին։ Ուսանողներից մեկը, ոգեշնչվելով մթնոլորտից, դաշնամուրով կատարեց մի քանի երաժշտական ստեղծագործություններ՝ այցն էլ ավելի տպավորիչ դարձնելով:
Ճանապարհը շարունակվեց դեպի Ջերմուկի ջրվեժ՝ բնության մի անկրկնելի անկյուն, ուր ուսանողները վայելեցին ջրվեժի գեղեցկությունը և հաճելի ժամանակ անցկացրին Երազանքների կամարի մոտ։ Հաջորդ կանգառը Ջերմուկի հանքային ջրերի ըմպելասրահն էր, որտեղ վայելեցին տեղի բուժիչ հանքային ջուրը։
Էքսկուրսիայի հաջորդ կարևոր կանգառը Արփա գետի կիրճում՝ կարմիր ժայռերի մեջ ծվարած Նորավանքն էր, որն իրավամբ հայկական միջնադարյան ճարտարապետության մարգարիտներից մեկն է: Ուսանողները հիացան վանքի հնագույն զարդաքանդակների յուրահատուկ գեղեցկությամբ։
Էքսկուրսիայի վերջում ուսանողներն այցելեցին Արենիի գինու գործարան՝ ծանոթանալով հայկական գինեգործության ավանդույթներին և հնարավորություն ունենալով համտեսելու գործարանում արտադրվող գինիների տեսակներից։
Մշակութային և անձնային զարգացման կարևոր նախապայմաններից են նմանօրինակ էքսկուրսիաները։ Դրանք օգնում են խորացնելու հայրենիքի պատմության ու մշակույթի մասին գիտելիքները, բարելավում են ուսանողների միջանձնային հարաբերությունները՝ նպաստելով թիմային ոգու ձևավորմանը։ Հայրենի երկրի պատմամշակութային վայրերով շրջագայություններն օգնում են հայրենաճանաչությանն ու ազգային ժառանգության նկատմամբ սիրո, հետաքրքրության մեծացմանը: Ուսանողական կյանքի անմոռանալի և անգնահատելի մասնիկներից մեկն էլ այս այցելություններն են, որոնք ուսանողներն իրենց հիշողության մեջ կպահեն դեռ երկար տարիներ: