ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մի խումբ ուսանողներ ս.թ. հոկտեմբերի 7-11-ը մասնակցեցին Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Եվրասիական ինտեգրումը ներկայիս գլոբալ տնտեսության անկայունության պայմաններում։ Չորս ազատություններ․ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շարժի հիմնախնդիրներ և հնարավորություններ» թեմայով աշնանային դպրոցին։
Աշնանային դպրոցի շրջանակում դասախոսություններ են կարդացել ՀՀ և ՌԴ բուհերի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, գործարարներ և ոլորտի մասնագետներ:
Ըստ Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանի՝ աշնանային դպրոցի գլխավոր նպատակներից մեկն էր տարբեր համալսարանների ուսանողների միջև կապերի հաստատումը։
Աշնանային դպրոցին մասնակցել են ավելի քան 30 ուսանողներ Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից (ՌԴ-ից՝ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի, Ռուսաստանի արտաքին առևտրի ակադեմիայի, իսկ ՀՀ-ից՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները։)
Աշնանային դպրոցի շրջանակում ուսանողները լսել են դասախոսություններ, վարպետության դասեր․ քննարկումներ են ծավալվել Եվրասիական տնտեսական ինտեգրման հնարավորությունների և առկա հիմնահարցերի շուրջ:
Ուսանողները մասնակցել են նաև խմբային աշխատանքների, էքսկուրսիայի և այլն։
Հնգօրյա դպրոցի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվել են մասնակցության հավաստագրեր:
Միջբուհական համագործակցության շրջանակում նմանօրինակ նախագծերն անչափ կարևոր են՝ նպաստելու գործակցության ամրապնդմանն ու կրթության և գիտության որակի բարձրացմանը: