ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ս.թ. հոկտեմբերի 8-10 անցկացվեց «Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին:
Գիտաժողովի նպատակն էր ստեղծել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների հանրահռչակման համար՝ նպաստելով աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների և փորձագետների միջև գործակցային կապերի ամրապնդմանը։
Գիտության տոն էր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում. շուրջ մեկդարյա փորձառություն ունեցող ֆակուլտետը երեք օր շարունակ վերածվել էր նորարարական հետազոտությունների արդյունքների ներկայացման կարևոր հարթակի:
Հարվարդի, Սորբոնի, Ազորեի, Նիդեռլանդների, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական, Սանկտ Պետերբուրգի համալսարանների, Հարվարդի բիզնես դպրոցի և այլ համալսարանների շուրջ 40 անվանի գիտնականներ աշխարհի ավելի քան 22 երկրներից՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Չիլիից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, ՌԴ-ից, Հնդկաստանից և այլ երկրներից, Հայաստանում էին՝ վերլուծելու սոցիալ-տնտեսական արդի մարտահրավերները և առաջարկելու հնարավոր լուծումներ:
Գիտաժողովին մասնակցում էին շուրջ 100 ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատ մասնակիցներ՝ ականավոր գիտնականներ, փորձագետներ, մասնագիտական ոլորտում ճանաչված դասախոսներ, ՀՀ պետական կառավարման, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտի և առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գիտաժողովի պաշտոնական բացման արարողությանը ելույթով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Տարածաշրջանային գիտության միջազգային ասոցիացիայի (RSAI) նախագահ Հանս Վեստլանդը, «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, Նիդեռլանդների բաց համալսարանի պրոֆեսոր, համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն 30 տնտեսագետներից Պիտեր Նայկամպը, «Տարածաշրջանային գիտության քաղաքականություն և փորձ» ամսագրի գլխավոր խմբագիր Թոմաս Դենտինոն: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին նաև ԵՊՀ պրոռեկտորները, դեկաններ, ամբիոնի վարիչներ, ՀՀ ԿԲ խորհրդի անդամներ, պաշտոնատար անձինք, ՀՀ այլ բուհերի ղեկավարներ, հյուրեր:
Գիտաժողովի ընթացքում անցանց և առցանց ձևաչափով ներկայացվեցին ավելի քան 70 զեկուցումներ յոթ թեմատիկ բաժանմունքներում` Համաշխարհային տնտեսական միտումներ և քաղաքականություն, Կայուն զարգացում և ինտեգրացիա, Նորարարություն և տվյալների վերլուծություն, Պատմական և տեսական հեռանկարներ, Ֆինանսական շուկաներ և կառավարում, Աշխատուժ, Ձեռներեցություն և ճկունություն, Վարքագծային տնտեսագիտություն և որոշումների կայացում:
Գիտաժողովը մեծապես նպաստեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հեղինակության ամրապնդմանը գիտական բարձր հարթակներում, ինչպես նաև միջազգային հետազոտական նախագծերում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներգրավվածության մեծացմանը: Գիտաժողովի շրջանակում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության և համատեղ նոր նախագծերի իրականացման վերաբերյալ: Գիտաժողովը արդյունավետ էր նաև Հայաստանի այլ բուհերի գիտնականների և հետազոտողների համար՝ փորձի փոխանակման, նոր հետազոտական ծրագրերում ներգրավվածության խորացման և գիտական ուղղությունների բացահայտման համար:
Ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը կարևորեց գիտաժողովի բոլոր մասնակիցների հետաքրքիր զեկուցումները և քննարկումներում ակտիվ ներգրավվածությունը։ Նա ընդգծեց, որ ֆակուլտետի համար մեծ պատիվ է կազմակերպել գիտական աշխարհի միջազգային նմանօրինակ մասշտաբներ և աշխարհագրություն ունեցող գիտաժողով, որը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս ընդգծելու ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալու համաշխարհային տնտեսական հետազոտությունների և տնտեսագիտական կրթության ու գիտության մեջ:
Դեկանը հույս հայտնեց, որ գիտաժողովը էապես կնպաստի հայրենական տնտեսագիտական մտքի զարգացմանը, ֆակուլտետի միջազգային կապերի ընդլայնմանը, գիտական մտքի միջազգայնացմանը և վստահեցրեց, որ կներդնի բոլոր պահանջվող ջանքերը գիտաժողովն ամենամյա դարձնելու և այն արդյունավետ հարթակի վերածելու ուղղությամբ՝ նոր գաղափարների ստեղծման և համաշխարհային տնտեսության առջև ծառացած կարևորագույն խնդիրների քննարկման համար։
Գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի և «Տարածաշրջանային գիտության քաղաքականություն» ամսագրի համագործակցության շրջանակում:
Միջազգային գիտաժողովի կազմակերպման գործում մեծ է ֆակուլտետի շրջանավարտների դերն ու նշանակությունը: Ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական բոլոր միջոցառումների, այդ թվում՝ գիտաժողովի գլխավոր հովանավորն է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն: Ֆակուլտետին մեծապես աջակցել են նաև մի շարք գործընկերներ՝ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը, «ԷկոՎիլ» ՍՊԸ-ն, «Բելլարտ» ՍՊԸ-ն, «Արմ Կոնստրակտ» ՍՊԸ-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: