Սույն թվականի հունվարի 19-ին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գ․ Ղազինյանը, Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Ա․ Ասատրյանը ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զ․ Ամատունին և պատվիրակության իրավախորհրդատու Ա. Առաքելյանը։
Զ․ Ամատունին ներկայացրեց տարիներ շարունակ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության կողմից բուհերում միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) դասավանդմանն ու տվյալ ոլորտին նվիրված ուսանողական միջոցառումների (դատախաղ, ամառային դպրոց և այլն) անցկացմանը ցուցաբերված աջակցությունը և առաջիկա ծրագրերը, որոնք ավելի կամրապնդեն գործակցային հարաբերությունները ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հետ։
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացրին, որ այս տարի ԿԽՄԿ պատվիրակությունը Հայաստանում ՄՄԻ-ի ոլորտի փորձագետների հետ համատեղ նախաձեռնելու է Միջազգային հանրային իրավունքի դպրոց, որը բաղկացած կլինի ՄՄԻ-ի և իրավունքի հարակից ճյուղերի գործակցության վերաբերյալ առանձին դասընթացներից։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գ. Ղազինյանը պատրաստակամություն հայտնեց շարունակելու ԿԽՄԿ-ի հետ բազմամյա համագործակցությունը նաև այս նոր նախաձեռնության շրջանակում՝ մասնավորապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոնշյալ և քննարկված ոլորտներին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը տիրապետում է ամբողջությամբ և կարող է պատշաճ մակարդակով նպաստել դրանց իրագործմանը։
Հանրային իրավունքի դպրոցը կմեկնարկի ս.թ. փետրվարի 17-ին՝ «ՄՄԻ և Մարդու իրավունքների միջազգային իրավունք» խորագրով, որին կհաջորդեն առավել խորացված դասընթացներ միջազգային քրեական, հանրային, փախստականների և միգրացիայի ու իրավունքի հարակից այլ ճյուղերի թեմաներով։ Ակնկալվում է, որ դասընթացների շրջանակում կհյուրընկալվեն ԿԽՄԿ պատվիրակությունը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ինչպես նաև այլ գործընկեր բուհերի ներկայացուցիչներ։
Պատվիրակության անդամները ներկայացրին ԿԽՄԿ մի նախաձեռնություն ևս։ Մասնավորապես, նախատեսվում է ստեղծել Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի կրթահետազոտական հաբ, որի հիմնական նպատակն է խթանել ՄՄԻ-ի և իրավունքի հարակից ճյուղերի վերաբերյալ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները Հայաստանում։ Ա․ Առաքելյանը մանրամասն ներկայացրեց հաբի գործունեության շրջանակը, քննարկվեցին Իրավագիտության ֆակուլտետի հետ և ֆակուլտետի ներկայացրած ու առաջարկած համագործակցության հեռանկարները այլ ոլորտներում։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հաբը համատեղ խթանելու ուղղությամբ։
Հանդիպման ավարտին որոշվեց ամրագրել պայմանավորվածությունները փոխըմբռնման նոր հուշագրով, որը կստորագրվի առաջիկայում։