Հուլիսի 5-ին Մոսկվայում կայացավ Իրավաբանների միջազգային միության VIII համագումարը, որի շրջանակում քննարկվեցին միության գործունեությանը վերաբերող առանցքային հարցեր, նախանշվեցին անելիքներ։
Համագումարին մասնակցեցին իրավաբանների միությունների և ասոցիացիաների ղեկավարներ, ԱՊՀ անդամ երկրների գերագույն (բարձրագույն) դատարանների ղեկավարներ և դատավորներ, Ռուսաստանի Դաշնության իշխանությունների և ԱՊՀ մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև գիտական և կրթական հանրության ներկայացուցիչներ: Հայաստանից համագումարին մասնակցեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ պրոֆեսոր-էմերիտուս, ի.գ.դ. Գագիկ Ղազինյանը, որը նաև 2003 թվականից Իրավաբանների միջազգային միության փոխնախագահն է։
Իրավաբանների միջազգային միությունը ստեղծվել է 1989 թվականին: Այն նպատակ ունի աջակցելու իրավաբանի մասնագիտության հիմնարար սկզբունքներին: Իրավաբանների միջազգային միության հիմնական խնդիրներից է ԱՊՀ երկրների և այլ երկրների իրավաբանների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ նպատակային աշխատանքներ կատարելը։ Միությանն անդամակցում են մի քանի հազար անդամներ, ինչպես նաև ավելի քան 200 իրավաբանական ասոցիացիաներ:
Իրավաբանների միջազգային միությունը ամենամեծ հարթակն է, որը հնարավորություն է տալիս միավորելու իրավաբանների ջանքերը գործունեության տարբեր ոլորտներում (ներառյալ գիտության, կրթության, հետազոտությունների և այլն), նրանց կողմնորոշելու դեպի իրավունքի զարգացում, բնակչության իրավագրագիտության բարձրացում և իրավաբանի մասնագիտության նկատմամբ հարգանքի ապահովում։
Համագումարի օրակարգի շրջանակում քննարկվեցին Իրավաբանների միջազգային միության նախագահի, միության համակարգող խորհրդի, վերստուգիչ խորհրդի գործունեությանը վերաբերող հարցեր։
Ձևավորվեց մասնագիտական խումբ, քննարկվեցին Իրավաբանների միջազգային միության կանոնադրության փոփոխությունները, ինչպես նաև միության իրավաբանների հասարակական միավորումների միջազգային գործունեության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր։
Համագումարի ընթացքում տեղի ունեցան նաև Իրավաբանների միջազգային միության նախագահի և ղեկավար կազմի ընտրություններ: Միության նախագահի պաշտոնում վերընտրվեց հեղինակավոր կառույցի երկարամյա ղեկավար, ՌԴ վաստակավոր իրավաբան Անդրեյ Տրեբկովը։ Գագիկ Ղազինյանը վերընտրվել է միության համակարգող խորհրդի անդամ։