ԵՊՀ իրավաբանական կլինիկայի 2023-2024 ուստարվա շրջանավարտներին հանձնվեցին կլինիկական կրթության ավարտական վկայագրերը։
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ավարտական վկայագրերի հանձնման պաշտոնական արարողությանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի տնօրեն, ի․գ․թ․, դոցենտ Քնարիկ Վարդանյանը։ Նա ամփոփ ներկայացրեց կլինիկայի տարեկան հաշվետվությունը՝ շեշտելով, որ այս տարի կլինիկան ունեցել է 160 գործ: Կլինիկայի տնօրենը նշեց, որ գործերի մեծամասնությունը ավարտին է հասցվել, իսկ մնացյալը կշարունակվի հաջորդ ուսումնական տարում։ Ք․ Վարդանյանն իր խոսքն ավարտեց ուսանողներին ուղղված շնորհավորանքներով ու հավաստումով, որ իրավաբանական կլինիկայի մեծ ընտանիքի շարքերը համալրող շրջանավարտների այս նոր սերնդի համար ևս հանձնվող վկայագրերը մասնագիտական կյանքի կարևորագույն ձեռքբերումներից են լինելու:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի․գ․դ․, պրոֆ․ Հարություն Խաչիկյանը վերհիշեց ԵՊՀ իրավաբանական կլինիկայի անցած ուղին ստեղծման պահից մինչ այս պահը և ընդգծեց, որ կլինիկական գործունեությունը գնահատվում է ոչ միայն ուսանողների մասնագիտական կարողությունների և հմտությունների ընդլայնման, այլև հասարակության սոցիալապես անապահով խմբերին անվճար որակյալ իրավաբանական ծառայություններ մատուցելու դիտանկյունից. արդյունավետությունը փաստվում է քաղաքացիների՝ կլինիկային, իրավագիտության ֆակուլտետին, ինչպես նաև ռեկտորատին ուղղված շնորհակալագրերով:
Ի․գ․դ․, պրոֆեսոր-էմերիտուս Գագիկ Ղազինյանը, շնորհավորելով շրջանավարտներին, ընդգծեց, որ նրանք որակյալ մասնագետ դառնալու ճանապարհին են: Պրոֆեսորը հորդորեց հավատարիմ լինել իրավաբանի կոչմանը: Գ․ Ղազինյանը հավաստիացրեց՝ կլինիկական կրթության ընթացքում ձեռք բերված փորձը գործնականում շրջանավարտներին տալիս է մեծ առավելություն: Այդ է պատճառը, որ երրորդ կուրսի ուսանողների համար ևս ներդրվեց պարտադիր կլինիկական պրակտիկան. այն իսկական դպրոց է լինելու ուսանողների համար:
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի դասախոս-համակարգող Հայկ Ալումյանը բարձր գնահատեց իրենց խմբի կատարած աշխատանքները՝ հիշեցնելով այս տարվա գործերի բարդություններն ու այն մեծ պատասխանատվությունը, որ դրված էր մասնագիտական խմբի ուսերին՝ հաշվի առնելով այն պատասխանատու հանգամանքը ևս, որ իրավաբանական կլինիկան հանձնառել է կազմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված գանգատներ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար: Այս անչափ կարևոր առաքելությունն անհրաժեշտ է պատվով կատարել։
Քաղաքացիական-վարչական իրավունքի մասնագիտական խմբի դասախոս-համակարգող, ի․գ․թ․, դոցենտ Տիգրան Մարկոսյանն էլ շեշտեց, որ իրավաբանական կլինիկան տարիներ շարունակ, ի թիվս տարաբնույթ աշխատանքների, նաև զարգացնում և համալրում է ընթացիկ տիպային փաստաթղթերի օրինակները՝ ընդլայնելով, ինչու չէ, կատարելագործելով կլինիկական գործունեության շրջանակը:
Մարդու իրավունքների մասնագիտական խմբի դասախոս-համակարգող Շուշան Հարությունյանը, խոսելով կլինիկական կրթության կարևորությունից, նշեց, որ ինքը նույնպես իրավաբանական կլինիկայի շրջանավարտ է և ուրախ է, որ ներկայում հնարավորություն է ստեղծվել որպես դասախոս աշխատելու ուսանողների հետ: Շ. Հարությունյանն ընդգծեց Մարդու իրավունքների մասնագիտական խմբի գործունեության առանձնահատկությունները և հայտնեց, որ ուսանողները տարբեր գործերի շրջանակներում հնարավորություն են ունեցել մասնակցելու վստահորդի շահերի ներկայացուցչության իրականացմանը թե՛ նախաքննական, թե՛ դատական մարմիններում:
Շնորհակալական խոսքեր հնչեցրին նաև Իրավաբանական կլինիկայի ուսանողները, որոնք նշեցին, որ կլինիկան, կրթական կենտրոն լինելուց զատ, նաև հրաշալի հարթակ է նոր ընկերներ ձեռք բերելու և շրջապատն ընդլայնելու համար:
Ընդգծվեց կլինիկական կրթության կարևորությունը հետբուհական կրթություն ստանալու դիտանկյունից ևս, ինչը կարևոր հանգամանք է արտասահմանյան բարձրանուն բուհեր դիմելու համար: