ԵՊՀ hայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, համագործակցելով Հայաստանի գրողների միության հետ, ժամանակակից գրականության թեմայով կազմակերպեց գրող-ընթերցող երկխոսություն։
Հանդիպման ժամանակ խոսվեց գրողի առջև ծառացած մարտահրավերների, գրաքննադատության, լեզվի մաքրության, թեմայի ընտրության, ժամանակակից գրականության առանձնահատկությունների մասին։ Հարցուպատասխանի միջոցով ուսանողները Թադևոս Տոնոյանին ուղղեցին իրենց հուզող հարցերը՝ ավելի մոտիկից ծանոթանալով գրողի ստեղծագործական մտածողությանն ու առանձնահատկություններին։
Ելույթներով հանդես եկան ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծներ Արևշատ Ավագյանը, Շանթ Մկրտչյանը։ Հնչեցին հեղինակի բանաստեղծություններից ուսանողների, թարգմանիչ Ասյա Խաչատրյանի և հեղինակի կատարմամբ։
Թադևոս Տոնոյանը ուսանողների համար ոչ միայն սիրված բանաստեղծ է, այլև դասախոս։ Նա ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ է և վայելում է ուսանողների ու գործընկերների սերն ու հարգանքը:
Հավելենք, որ Հայաստանի գրողների միության հետ համագործակցությունը և նմանօրինակ միջոցառումները կլինեն շարունակական։