Կյանքից հեռացավ գիտության երախտավոր, մանկավարժ, հասարակական գործիչ ու կրթության կազմակերպիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Երվանդի Բաղդասարյանը:
Անուրանալի է Գևորգ Բաղդասարյանի ավանդը հատկապես մեխանիկայի հայկական դպրոցի ստեղծման ու զարգացման գործում։ Մեծ հարգանքի ու գնահատանքի է արժանի նրա երկարամյա մանկավարժական գործունեությունը, որը անվանի գիտնականը կատարել է պատվով ու պատասխանատվությամբ՝ տասնամյակներ շարունակ երիտասարդ սերնդին փոխանցելով հիմնարար գիտության լավագույն ավանդույթները։ Նշանակալի է նաև գիտության և գիտական հետազոտությունների կազմակերպչի նրա ավանդը, որը լավագույնս ներդրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում աշխատելու տարիներին: Իր բազմամյա գործունեությամբ ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում մեխանիկայի զարգացման գործում:
Գ. Բաղդասարյանը հեղինակ և համահեղինակ է ավելի քան 300 գիտական աշխատությունների, ինչպես նաև հրատարակել է 6 մենագրություն: Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են շուրջ երկու տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ: Գիտնական-մտավորականի իրականացրած հետազոտական աշխատանքների կարևորագույն արդյունքներ բազմիցս ներկայացվել են միջազգային գիտական հանրության ուշադրությանը և արժանացել լուրջ գնահատականի:
Նա առաջնեկն է հայրենական գիտական աշխարհում գազի գերձայնային հոսանքով շրջհոսվող բարակապատ մարմինների կայունության (ֆլատեր) հարցերի ուսումնասիրման բնագավառում: Նրա ջանքերի շնորհիվ ֆլատերի խնդիրները դարձան գիտական հանրության ուսումնասիրման առարկան, և այդ ուղղությունը Հայաստանում լուրջ զարգացում ստացավ: Նա իր աշխատանքներում ուսումնասիրել է նաև բարակապատ մարմինների տատանումներն ու կայունությունը, ալիքային պրոցեսները և ճաքեր պարունակող մարմինների լարվածադեֆորմացիոն վիճակը, ստացել է մի շարք կարևորագույն արդյունքներ:
Գիտության ականավոր գործիչ Գևորգ Բաղդասարյանը պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և մրցանակներով։
Գիտական ակտիվ գործունեությանը զուգահեռ տարբեր տարիների Գ. Բաղդասարյանը զբաղեցրել է գիտակրթական ոլորտի կարևոր ու պատասխանատու պաշտոններ։
1979-88 թթ․-ին ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի մագնիսաառաձգականության բաժնի վարիչն էր, 1986-1987 թթ.՝ նույն ինստիտուտի տնօրեն, 1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1994 թ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1983 թ․-ից ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, 1988-2001 թ.՝ նշված ամբիոնի վարիչ, 1993-1995 թ.՝ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, 1994-1998 թթ.՝ ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, 1998-2002 թթ.՝ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, 2002-2007 թթ.՝ ԵՊՀ ռեկտորի խորհրդական:
Նա մեծագույն հայ գիտնական և քաղաքացի էր: ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն իր ցավակցությունն է հայտնում անվանի գիտնականի ընտանիքին և գործընկերներին: Գևորգ Բաղդասարյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: