Май 05, 2023 | 11:25
Карьера
Образование
Студенческая жизнь
ВОЗМОЖНОСТИ КАРЬЕРЫ ДЛЯ СТУДЕНТОВ ЕГУ
Երևանի պետական համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ապահովելով ուսանողների և գործատուների միջև շարունակական կապը, նպաստում է ուսանողների, ինչպես նաև ԵՊՀ շրջանավարտների մասնագիտական, ինտելեկտուալ և անձնային հատկանիշների զարգացմանը, օգնում նրանց աշխատաշուկայում իրենց ուրույն տեղն ունենալու գործում:
Կենտրոնը համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների, ՀՀ պետական և մասնավոր ընկերությունների ու ձեռնարկությունների հետ, պարբերաբար կազմակերպում սեմինար-դասընթացներ ու հանդիպումներ: Ուսանողներն իրենց էլհասցեներին պարբերաբար ստանում են կենտրոնի ուղարկած հայտարարությունները թափուր աշխատատեղերի, սեմինարների, արտաուսումնական պրակտիկայի և տարաբնույթ այլ հնարավորությունների մասին, ինչն արվում է՝ ի նպաստ սովորողների իրազեկվածության բարձրացման:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Կարինե Նազարյանն ուսանողների հետ հանդիպումների ժամանակ շեշտում է, որ այս նախագծերն ինքնանպատակ չեն. դրանք հրաշալի միջոց են՝ լավագույնս ծանոթանալու ոչ միայն աշխատաշուկայի ընձեռած հնարավորություններին, այլև հասկանալու՝ որպես մասնագետ ինչ հմտությունների են իրենք տիրապետում և ինչ կարողություններ պետք է զարգացնեն:
Հանդիպումների ժամանակ ներկայացվող թեմաների, ինչպես նաև կազմակերպությունների ընտրությունը պատահական չէ. շրջանավարտների և կարիերայի կենտրոնը նախապես վերլուծում և բացահայտում է գործատու կազմակերպությունների մասնագիտական պահանջները, քարտեզագրում աշխատաշուկայի պահանջարկն ու առաջարկը, ապա կատարում ընտրություն:
Ուսանողների հետ հանդիպումները կազմակերպվում են այնպիսի անհատների հետ, որոնք ունեն աշխատանքային մեծ փորձ, կայացած են որպես մասնագետ և ուսանողներին ցույց տալու և ասելու շատ բան ունեն: Այսպիսով, ներկայացվում են թե՛ մասնագիտական հաջողության պատմություններ, թե՛ տվյալ ոլորտի վերաբերյալ տեղեկություններ:
Այսօրինակ հանդիպումներից էր մայիսի 4-ին ԵՊՀ-ում անցկացված «Բիզնեսի կառավարում» առաջնորդության դասընթացը, որի բանախոսն էր «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կարևորում է ոչ միայն կոնկրետ ոլորտի (մասնագիտության) վերաբերյալ մանրամասների ներկայացումը հանդիպումների և դասընթացների ժամանակ, այլև այնպիսի թեմաների քննարկումը, որոնք նպաստում են ուսանողների հմտությունների և կարողունակությունների զարգացմանը:
Սիրելի՛ ուսանողներ, հետևե՛ք ձեր համալսարանական էլհասցեներին որևէ հանդիպում կամ աշխատանքի հնարավորություն բաց չթողնելու համար: