Май 08, 2023 | 12:02
Наука
Образование
Журналистика: профессия про людей
Ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումներից անմասն չի մնացել նաև աշխարհի կարևորագույն մասնագիտություններից մեկը՝ լրագրությունը։ Այն առանցքային դեր ունի հանրությանը հավաստի և ստույգ տեղեկության տրամադրման, իրադարձությունների անաչառ լուսաբանման, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերում առկա խնդիրների բարձրաձայնման տեսանկյունից։
Լրագրությունը, հարմարվելով 21-րդ դարի ներկայացրած պահանջներին և հրամայականներին, առաջ է բերել կոնվերգենտ մեդիա հասկացությունը, ինչը ենթադրում է զանգվածային լրատվության տարբեր միջոցների՝ տպագիր, հեռարձակվող և թվային լրագրության միաձուլում։ Կոնվերգենտ մեդիայի շնորհիվ հասարակությունը մշտապես հետևում է տվյալ պահին աշխարհում տեղի ունեցող ուշագրավ իրադարձություններին: Եթե տասնամյակներ առաջ տեղեկության ձեռքբերումը պահանջում էր օրերի, առանձին դեպքերում` նաև շաբաթների աշխատանք, ապա տեղեկատվական զարգացումներն այսօր հնարավորություն են տալիս կատարելու գերարագ լուսաբանում և տեղեկանալու իրադարձության մանրամասներին մատի մեկ հպումով։
Պատերազմական գործողություններին զուգընթաց (որոշ դեպքերում նաև խաղաղ պայմաններում)՝ ամենավտանգավոր ռազմավարական քայլերից է տեղեկատվական պատերազմը, որը ենթադրում է ոչ ճշմարիտ տեղեկության տարածում հակառակորդ երկրի հասարակության շրջանում՝ այդպիսով ստեղծելով անվստահ և խուճապային մթնոլորտ պետության ներսում։ Բացի հասարակության մեդիագրագիտության բարձր մակարդակից՝ տեղեկատվական պատերազմների կանխարգելման գործում մեծ է հմուտ և իրազեկ լրագրողների դերը։
Ոլորտում ճիշտ դրսևորվելու կարողությունների և անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման լավագույն ուղեցույցն առաջարկում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որը լրագրողական կրթություն իրականացնող ամենամեծ և ամենապահանջված կրթական ստորաբաժանումն է Հայաստանում: Տեսական գիտելիքներից զատ՝ այն ուսանողներին տրամադրում է հենց համալսարանական միջավայրում պրակտիկ հմտությունների զարգացման համար անհրաժեշտ պայմաններ։
Ֆակուլտետում գործում է «Լրագրություն» բակալավրիատական կրթական ծրագիրը և «Հեռուստալրագրություն» մեկամյա (իրականացվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ), «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ» երկամյա մագիստրոսական ծրագրերը: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հետ գործակցության շրջանակում իրագործվում է նաև «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագիրը՝ ուսումնառության ավարտին շնորհելով իրավական ուսումնասիրությունների մագիստրոսի որակավորում:
Այժմ մշակման փուլում են երկու նոր՝ «Մուլտիմեդիա լրագրություն» և «Մեդիա և ռազմավարական հաղորդակցություն» մագիստրոսական ծրագրերը։ Այս ուղղությունների նպատակն է մեդիադաշտում առկա միտումների և կարիքների բացահայտումը: Նախատեսվող մագիստրոսական ծրագրերի բովանդակությունը մշակվել է ԱՄՆ Ինդիանայի համալսարանի Բլումինգթոնի մեդիադպրոցի ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում՝ հետագայում ստեղծելով համատեղ մագիստրոսական ծրագրի իրականացման հնարավորություններ։
Ժուռնալսիտիկայի ֆակուլտետը ԵՊՀ մարքեթինգի բաժնի հետ համատեղ իրագործում է «ԵՊՀ ուսանողական մեդիա հարթակ» ծրագիրը, որի նպատակն է ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողներին ներգրավել ԵՊՀ մեդիա հարթակներում հրապարակվող լրատվական նյութերի մշակման գործընթացում, օժանդակել նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ստեղծել ուսմանը զուգահեռ պրակտիկ գործունեություն ծավալելու հնարավորություն։
Ֆակուլտետն ունի նորարարական մուլտիմեդիա լաբորատորիա, որի կազմում գործում են հեռուստա- և ռադիոստուդիաները, journalist.am ուսումնական էլեկտրոնային պարբերականը: Ֆակուլտետը համագործակցում է ՀՀ հեղինակավոր մեդիակազմակերպությունների, պետական ու մասնավոր ընկերությունների PR բաժինների, միջազգային կազմակերպությունների հետ՝ հնարավորություն տալով ուսանողներին մասնագիտական պրակտիկա անցնելու, հետագայում նաև աշխատելու վերոնշյալ կառույցներում։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը նախատեսում է ստեղծել ինովացիոն մեդիալաբորատորիա, որն ուսանողների համար կդառնա գործնական հմտությունների զարգացմանը նպաստող հարթակ: Մեդիալաբորատորիայի գործարկումը հնարավորություն կտա լիովին փոխելու լրագրողական կրթության մոդելը Հայաստանում՝ ստեղծելով ուսանողական տարիներին մասնագիտական գործունեություն ծավալելու համար իրական պայմաններ, հնարավորություն ընձեռելով գործնական պարապմունքներն առավել արդյունավետ անցկացնելու, տեխնոլոգիաներին ամեն օր առնչվելու, ինչպես նաև հեռարձակման և հանրայնացման համար լիարժեք պատրաստ մեդիաարտադրանք ստեղծելու:
Ֆակուլտետի կազմում կգործի նաև գերազանցության կենտրոն, որտեղ կգործեն փաստերի ստուգման, լրագրողական էթիկայի և մեդիագրագիտության, ինչպես նաև մեդիահետազոտությունների լաբորատորիաներ: Այս լաբորատորիաները կիրականացնեն փաստերի ստուգմանը, տեղեկատվական անճշտություններին, հայաստանյան լրատվամիջոցների կողմից էթիկական նորմերի խախտումներին առնչվող ուսումնասիրություններ՝ հնարավորություն տալով բացահայտելու հայաստանյան լրագրողական դաշտի թերացումները և գտնելու դրանք վերացնելու ուղիները:
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։