Май 12, 2023 | 15:15
Наука
Конференции
Международное сотрудничество
Международная научно-практическая конференция в ЕГУ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային գիտագործնական համաժողով՝ նվիրված ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հիմնադիր և առաջին վարիչ, անվանի դատավարագետ, պրոֆեսոր Հարություն Պիվազյանի 100-ամյակին:
«Ժամանակակից քրեական դատավարությունը. արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները» խորագրով միջազգային համաժողովի նպատակն էր ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում առկա խնդիրների գիտական վերլուծությունը, համեմատական հետազոտությունների և ուսումնասիրությունների քննարկումը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, անդրադառնալով ֆակուլտետում պարբերաբար կազմակերպվող միջազգային գիտաժողովներին, առանձնակի կարևորեց այս համաժողովը, որը նվիրված էր իր կյանքը ոլորտի զարգացմանը, որակյալ մասնագետների պատրաստմանը նվիրած անվանի գիտնականին:
Գագիկ Ղազինյանը մեզ հետ զրույցում նշեց. «Կարծում եմ՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում տեղ գտած կարգավորումների, պարզաբանումների ու մեկնաբանությունների արդյունքները, որոնք ներկայացվեցին գիտաժողովի ընթացքում, գոհացուցիչ կլինեն ոչ միայն բակալավրիատի ուսանողների, մագիստրանտների ու ասպիրանտների, այլև քրեական դատավարության հարցերով հետաքրքրված անձանց համար»:
Խոսելով միջազգային համաժողովի և դրա ընթացքում ներկայացված 9 զեկուցումների թեմաների կարևորությունից՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանն ընդգծեց, որ առանձնակի կարևոր էր գիտաժողովը կազմակերպել ոչ թե ներպետական, այլ միջազգային մակարդակով:
«Կարծում եմ՝ հետագայում գիտաժողովին կմասնակցեն ոչ միայն ՌԴ գործընկերները, այլև Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Եվրոպական երկրների գործընկերները, որոնք նույնպես հետաքրքրված են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ինստիտուտների կարգավորումներով»,- ասաց Ս. Դիլբանդյանը:
Նշենք, որ գիտաժողովին ներկա էին Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի քրեական դատավարության ամբիոնի վարիչ Լ. Վ. Գոլովկոն, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսորներ Ն. Գ. Ստոյկոն, Ա. Դ. Նազարովը, ՀՀ վճռաբեկ և վերաքննիչ դատարանների դատավորներ, գլխավոր դատախազության, փաստաբանների պալատի, ոստիկանության ակադեմիայի և ՀՀ-ում գործող մի շարք բուհերի ներկայացուցիչներ: