Май 17, 2023 | 11:36
Наука
Образование
Международное сотрудничество
ЕГУ укрепляет сотрудничество с вузами-партнерами
ԵՊՀ տրամադրած դրամաշնորհի շրջանակում համալսարանի կենսաբանության ֆակուլտետ էր այցելել Հարավային դաշնային համալսարանի (Ռուսաստանի Դաշնություն) պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Օլգա Ստեփանի Բեզուգլովան:
Պրոֆեսորը կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի «Կենսաբանություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողների համար կարդացել է դասախոսություններ, ինչպես նաև անցկացրել մի քանի գործնական պարապմունքներ՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսանողների կիրառական հմտությունները։ Նրա կարդացած դասախոսությունները և անցկացրած գործնական պարապմունքները նվիրված էին հողային և էկոլոգիական մշտադիտարկման խնդիրներին։ Ուսանողները ծանոթացել են հողային ծածկույթի դեգրադացման տեսակներին, ինչպես նաև դեգրադացիոն փոփոխությունները կանխելու նպատակով կատարվող մշտադիտարկման եղանակներին:
Քննարկվել են մշտադիտարկման տեսակները, դեգրադացիոն տարբեր փոփոխություններին հետևելու համար օգտագործվող ցուցիչների առանձնահատկությունները և այդ փոփոխությունները գնահատելու մեթոդները: Գործնական պարապմունքների ժամանակ ուսանողները լուծել են խնդիրներ, որոնց նպատակն էր դեգրադացիայի ամենատարածված տեսակներից մեկի՝ հողերում հումուսի պարունակության և էրոզիայի հետևանքով հողերի հզորության նվազման գնահատումը:
ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Կարեն Ղազարյանն առանձնապես կարևորել է Երևանի պետական համալսարանի տրամադրած «Ֆիտոմելորացիան՝ որպես ՀՀ հանքարդյունաբերական շրջաններում ծանր մետաղներով աղտոտված հողերի կայուն օգտագործման հեռանկարային մոտեցում» խորագրով ներքին դրամաշնորհի շրջանակում միջազգային ճանաչում ունեցող մասնագետների այցերը համալսարան: Նրա խոսքով՝ օտարերկրյա համալսարաններից հրավիրված դասախոսների մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվող այսօրինակ դասախոսությունները նպաստում են ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացմանը, իսկ գործնական պարապմունքների անցկացումը՝ ժամանակակից մեթոդների տիրապետմանն ու մասնագիտական կարողությունների ընդլայնմանը:
Նշենք, որ վերոնշյալ դրամաշնորհի շրջանակում 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակում Երևանի պետական համալսարան են այցելելու Հարավային դաշնային համալսարանի ևս երեք առաջատար մասնագետներ, որոնք հանդես են գալու դասախոսություններով։