Май 26, 2023 | 11:08
Наука
Публикации и научные журналы
В сфере "Исследовательских новостей" представлены неологизмы и их переводы, появившиеся в период "COVID-19"
«Հետազոտական նորություններ» շարքն այս անգամ անդրադարձ է կատարել «Փոխաբերական հիմքով COVID նորաբանությունները և դրանց թարգմանության առանձնահատկությունները» գիտական հոդվածին, որը լույս է տեսել ԵՊՀ հրատարակչության և Անգլերենի ուսումնասիրման հայկական ասոցիացիայի կողմից հրատարակվող «Armenian Folia Anglistika» միջազգային ակադեմիական ամսագրում։
Զրուցել ենք հոդվածի հեղինակների՝ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Նաիրա Գասպարյանի և միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Մարիաննա Օհանյանի հետ:
Տարիներ առաջ Նաիրա Գասպարյանը Մարիաննա Օհանյանի թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարն է եղել, իսկ այսօր համատեղ կատարում են հետազոտական աշխատանքներ տարբեր թեմաներով: Նրանց միաձայն վստահեցրին, որ համատեղ հետազոտություններն ու համագործակցությունները դեռ շարունակական են լինելու:
Կատարելով բազմաթիվ ուսումնասիրություններ բժշկագիտության ոլորտի տեքստերի լեզվաոճական և գործառական առանձնահատկությունների վերաբերյալ՝ նրանք փաստում են, որ բժշկությունն այն մասնագիտացված ոլորտներից է, որտեղ մշտապես առաջանում են նորաբանություններ՝ կապված ոլորտում գիտական և տեխնիկական առաջընթացի, նոր տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև նոր հիվանդությունների ու անծանոթ երևույթների ի հայտ գալու հետ:
Մեզ հետ զրույցում տիկին Գասպարյանն ասաց. ««Փոխաբերական հիմքով COVID նորաբանությունները և դրանց թարգմանության առանձնահատկությունները» թեմայի շրջանակում հետազոտություն կատարելիս կենտրոնացել ենք ստեղծված փոխաբերական նորաբանությունների և նրանց թարգմանական առանձնահատկությունների վրա, քանի որ դրանք բժշկագիտական եզրույթների նոր և անընդհատ հարստացող շերտ են և կարող են հայտնվել գրավոր ու բանավոր խոսքում՝ լրատվության մեջ, պետական և հասարակական անձանց ելույթներում»:
Մարիաննա Օհանյանն էլ հավելեց. «COVID-ի խոսույթում օգտագործվող բառերին պետք է վերաբերվել զգուշավորությամբ և պատասխանատվությամբ, քանի որ այդ բնագավառի նորաբանությունների անփույթ կիրառությունը կարող է հանգեցնել անարդյունավետ, երբեմն՝ հաղորդակցության անկանխատեսելի զարգացումների՝ առաջացնելով լարվածություն, խուճապ, իսկ սխալ մեկնաբանման պատճառով՝ նաև ոչ պատշաճ վարքագիծ»:
Աշխատանքում լեզվաոճական, լեզվաճանաչողական, մակածության և մտահանգման (ինդուկցիայի և դեդուկցիայի) մեթոդների կիրառմամբ ձեռք բերված արդյունքները վկայում են, որ փոխաբերական նորաբանությունները առողջապահության, բիզնեսի և գլոբալ մեդիա հաղորդակցության մեջ արագորեն ստեղծվում են «աղտոտված» տեղեկատվության աննախադեպ քանակի, պատվաստումների արշավների նկատմամբ հակասական, երբեմն նաև բացասական վերաբերմունքի և կեղծ դավադրության պատմությունների արդյունքում:
Գիտական աշխատանքի հեղինակների խոսքով՝ նրանց հոդվածները տպագրվում են ինչպես համալսարանի, այնպես էլ արտասահմանյան տարբեր պարբերականներում։ Հեղինակների գիտական հետազոտությունները պարբերաբար ներկայացվում են միջազգային գիտաժողովներում։
Հիշեցնենք, որ «Armenian Folia Anglistika» ամսագիրը նպատակ ունի խթանելու անգլիագիտության ոլորտի հետազոտությունները՝ կենտրոնանալով հումանիտար գիտելիքի ոլորտի երեք սյուների վրա՝ լեզու, գրականություն և մշակույթ: Պարբերականում տպագրվում են արժեքավոր և նորարար հոդվածներ լեզվաբանության, գրականության տեսության, էթնիկ և գենդերային հետազոտությունների, մշակութային պատմության ոլորտներից և հարակից գիտակարգերի լայն շրջանակից:
«Փոխաբերական հիմքով COVID նորաբանությունները և դրանց թարգմանության առանձնահատկությունները» գիտական հոդվածին հնարավոր է ծանոթանալ այստեղ: