Май 31, 2023 | 11:51
Наука
Образование
Студенческий
Прием в аспирантуру 2023-2024 учебного года: путеводитель
Առկա ուսուցմամբ անվճար և վճարովի հիմունքներով ասպիրանտուրա ընդունվելու հնարավորություն ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցողները:
Ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցմամբ անվճար և վճարովի հիմունքներով ասպիրանտուրա ընդունվելու համար դիմորդը կամ նրա լիազորած անձը ս․թ․ մայիսի 22-ից հունիսի 15-ը ներառյալ ԵՊՀ դոկտորական կրթության կենտրոն (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 615 սենյակ) պետք է ներկայացնի.
- դիմում՝ ԵՊՀ ռեկտորի անունով,
- բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմների ու դրանց հավելվածների պատճենները,
- «Օտար լեզու» առարկայի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանք,
- ընտրված մասնագիտությամբ հրապարակված առնվազն 1 գիտական հոդվածի պատճենը կամ գիտական ռեֆերատ,
- ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3x4 չափսի),
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
- քաղվածք՝ աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության անցկացման համար ստեղծվում են մասնագիտական քննական հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են տվյալ մասնագիտական բնագավառի՝ գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող երեքից հինգ մասնագետ:
Մասնագիտական քննության արդյունքները գնահատվում են 20-միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդն ստացել է առնվազն տասներեք միավոր:
Մասնագիտական քննությունից ստացած հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշները՝ ըստ հերթականության․
- մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ընդհանուր միջին որակական գնահատականը (ՄՈԳ),
- բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականի գումարը,
- հրատարակված գիտական աշխատանքների թիվը,
- միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներին մասնակցությունը հավաստող փաստաթղթեր (զեկուցումները):
Կոնկրետ լեզուներից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում՝
- անգլերենից (TOEFL, IBT)՝ 46 և «IELTS»` 5,5 միավորը,
- ֆրանսերենից (TCF)՝ 200 միավորը,
- գերմաներենից (On Daf)՝ 60 միավորը:
Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, քննություն են հանձնում այլ օտար լեզվից:
Դիմորդը հնարավորություն ունի հանձնաժողովին բողոքարկելու մասնագիտական քննության գնահատականը՝ արդյունքները հրապարակվելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում՝ հանձնաժողովի նախագահին ներկայացնելով գրավոր բողոք, որը քննարկվում է նույն օրը:
2023-2024 ուստարվա՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի ասպիրանտական տեղերի բաշխմանը՝ ըստ մասնագիտությունների, հնարավոր է ծանոթանալ այստեղ:
2023-2024 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների հարցաշարերին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Նշենք, որ ԵՊՀ-ում առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության՝ 2016 թ․ փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի» և յուրաքանչյուր ուսումնական տարում ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած ժամանակացույցի համաձայն: