Ноября 29, 2023 | 15:54
Наука
Образовательные программы
Образование
Возможность для студентов ЕГУ продолжить обучение в Государственном университете Сан-Хосе
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» և քիմիայի ֆակուլտետի «Նյութագիտություն» մագիստրոսական ծրագրերի լավագույն ուսանողներն արժանացան կրթաթոշակի։
Մագիստրոսական ծրագրերն իրականացվում են ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու ISTC-ի հետ համատեղ՝ «PMI Science»-ի աջակցությամբ։ Կրթական ծրագրի լավագույն ուսանողները, մեկ տարի սովորելով ԵՊՀ-ում և մեկ տարի էլ կրթությունը շարունակելով Սան Խոսեի պետական համալսարանում (ԱՄՆ), հնարավորություն ունեն ստանալու կրկնակի դիպլոմ և պրակտիկա անցնելու Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։
2017 թվականից ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում գործող «Տվյալների գիտությունը բիզնեսում» կրթական ծրագրի՝ բարձր առաջադիմություն ունեցող 20 ուսանողներ և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի «Նյութագիտություն» կրթական ծրագրի 7 ուսանողներ այս տարի արժանացան կրթաթոշակի։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․, դոցենտ Կառլեն Խաչատրյանը, շնորհավորելով կրթաթոշակակիրներին, ընդգծեց բիզնեսի և կրթության կապի կարևորությունն ու փոխշահավետությունը․ «Այսօրինակ համագործակցությունը բացառիկ նշանակություն ունի, որովհետև բիզնես ընկերությունները, կրթական հաստատությունների հետ գործակցելով, նպաստում են առավել որակյալ և աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագետներ պատրաստելուն»։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի փոխդեկան, ք․գ․թ․ Արմեն Գալստյանը, անդրադառնալով ծրագրի կարևորությանը, նշեց․ «Շուրջ երկու տարի կատարած համատեղ աշխատանքի շնորհիվ 2022-2023 ուստարում համալսարանում գործարկվեց «Նյութագիտություն» մագիստրոսական ծրագիրը։ Մասնագիտությունը մեծ դեր ունի քիմիական, ռազմարդյունաբերական, համակարգչային տեխնիկայի, կենսաբժշկական նյութերի, էներգետիկայի, բնապահպանության և այլ բնագավառներում»։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, խոսելով մագիստրոսական ծրագրերի հեռանկարներից, ասաց, որ կրթական ծրագրերը տարեցտարի կատարելագործելու միջոցով փորձում են նպաստել մեր երկրում տվյալ գիտաճյուղերի զարգացմանը։
Հայաստանում «PMI Science» գիտահետազոտական կենտրոնի արտաքին նորարարությունների և համագործակցությունների մենեջեր Օֆելյա Սարգսյանը, ընդգծելով մագիստրոսական ծրագրերի կարևորությունը, ասաց․ «Կրթական այս մոդելը հնարավորություն է տալիս արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող ընկերություններին իրենց կրթական ներդրումն ունենալու ակադեմիական ոլորտում՝ պատրաստելով այնպիսի մասնագետներ, որոնց հետ հետագայում երկարաժամկետ համագործակցելու նպատակ ունեն»։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, կրթաթոշակակիրներին նոր ձեռքբերումներ մաղթելով, հույս հայտնեց, որ մոտ ապագայում մագիստրոսական նմանօրինակ ծրագրեր կիրականացվեն նաև գիտության այլ բնագավառներում։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանն ասաց, որ ուսումնական ծրագիրը համապատասխանեցված է Սան Խոսեի համալսարանի կրթական չափորոշիչներին․ «Կրթաթոշակակիրների ընտրությունը մրցութային բնույթ ունի։ Մագիստրատուրայի առաջին կուրսում սովորող ուսանողները կրթաթոշակին դիմելու համար քննություն են հանձնում, իսկ երկրորդ կուրսի ուսանողների ընտրությունը կատարվում է միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա»։
Միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահում, ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման, քիմիայի ֆակուլտետների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ։
Հավելենք, որ միջոցառման ավարտին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից և «PMI Science»-ի աջակցությամբ իրականացվող «Ասպիրանտների աջակցության ծրագիր-2023»-ի շրջանակում ԵՊՀ 3 ասպիրանտներ հետազոտական և գիտական նախագծեր կատարելու համար ևս արժանացան կրթաթոշակի։
Видео