Января 18, 2024 | 10:30
Образование
Изменения в порядке подготовки и оценки магистерской диссертации
Հաշվի առնելով Երևանի պետական համալսարանի ռազմավարական առաջնահերթությունները և ուսանողակենտրոն սկզբունքներից բխող բարեփոխումները՝ ԵՊՀ մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք կիրառվում են 2023-2024 ուսումնական տարվանից սկսած:
Կարգում համակարգվել և կանոնակարգվել են ուսանողի ատեստավորմանը, գիտական ղեկավարին, միջմասնագիտական մագիստրոսական թեզերին, նախապաշտպանությանը, գրախոսմանը, պաշտպանությանն առնչվող և այլ հարցեր:
ԵՊՀ-ում այժմ առկա են ոչ միայն 2, այլև 1 և 1,5 տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրեր, ինչն անհրաժեշտություն է առաջացրել ունենալու տարբեր ժամանակացույցներ: Կարգը սահմանում է առկա և հեռակա ուսուցումների՝ մագիստրոսական թեզի պատրաստման, ատեստավորման ու պաշտպանության ժամանակացույցները և պահանջվող գործողությունները թեզի պատրաստման ընթացքի վերաբերյալ:
Կարևորագույն փոփոխություններից մեկը e-learning էլեկտրոնային հարթակի ներդնումն է մագիստրոսական թեզին առնչվող բոլոր փուլերում՝ սկսած թեզի թեմային ու գիտական ղեկավարին առնչվող տեղեկություններից մինչև թեզի պատրաստման ընթացիկ գործողություններ և ավարտուն աշխատանքի վերբեռնում e-learning համակարգ: Այս հարթակը միտված է ամրապնդելու ուսանող-գիտական ղեկավար կապը՝ ուսանողին հնարավորություն տալով մուտքագրելու իր կատարած աշխատանքը, որը գիտական ղեկավարը վերահսկում է կրկին էլեկտրոնային համակարգում:
Մագիստրանտների ատեստավորումը ևս կանոնակարգվել է՝ ներդրվելով e-learning հարթակում, մինչդեռ նախկինում այն կատարվել է ամբիոնի ներքին ընթացակարգերի միջոցով: Ուսանողի ատեստավորումն իրականացնում է համապատասխան ամբիոնը՝ թեզի պատրաստման ընթացքի վերաբերյալ e-learning հարթակում ուսանողի հաշվետվությունների հիման վրա: Ատեստավորումը չանցած ուսանողը հեռացվում է համալսարանից ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով:
Ելնելով կրթական ծրագրերի առանձնահատկություններից՝ մագիստրոսական թեզի թեմաներ առաջարկելու հնարավորություն ունեն ինչպես ուսանողը, այնպես էլ կրթական ծրագիրն իրականացնող ուսումնական ստորաբաժանումը: Այս ուսանողակենտրոն մոտեցումը նախկինում կիրառվել, սակայն կարգով ամրագրված չի եղել:
Թեզի վերնագիրը կարող է խմբագրվել մինչև ավարտական կիսամյակի մեկնարկը, եթե առկա է կրթական ծրագիրն իրականացնող ամբիոնի համապատասխան հիմնավորումը։ Այսինքն՝ 2 տարի տևողությամբ կրթական ծրագրի պարագայում 2-րդ կուրսի 1-ին կիսամյակում պետք է հաստատված լինի վերնագրի վերջնական տարբերակը:
Կարգով հստակեցված են գիտական ղեկավարի պարտականությունները: Նորույթ է համաղեկավար հասկացությունը, այսինքն՝ թեզը կարող է ունենալ 2 ղեկավար: Մագիստրոսական թեզի համաղեկավար կարող է լինել ինչպես ԵՊՀ ուսումնական այլ ստորաբաժանման, այնպես էլ տվյալ ոլորտի գիտական աստիճան ու կոչում ունեցող ՀՀ և օտարերկրյա հրավիրյալ մասնագետը կամ համապատասխան մասնագիտական ոլորտի (պետական կամ մասնավոր) աշխատաշուկայի ներկայացուցիչը:
Համալսարանում արդեն 3 ուսումնական տարի գրված միջմասնագիտական մագիստրոսական թեզերի հաջող փորձը հնարավորություն է տվել բուհում զարգացնելու այս ուղղությունը՝ կարգում ամրագրելով դրանց կատարման փուլերը, դրույթները և այլ մանրամասներ:
Կարգում ավելացված «Մագիստրոսական թեզի նախապաշտպանությունը, գրախոսումը և պաշտպանությունը» գլխում հստակ սահմանվում են վերոգրյալ գործընթացների մանրամասները: Օրինակ՝ նախապաշտպանությունը կազմակերպվում է պաշտպանությունից առնվազն 2 շաբաթ առաջ՝ նպատակ ունենալով վերջնական դիտարկումներ ներկայացնելու և առաջարկներ անելու ուսանողին: Գիտական ղեկավարը նախապաշտպանության հանձնաժողովին ներկայացնում է իր դրական կամ բացասական կարծիքը ուսանողի հետ կատարած աշխատանքի վերաբերյալ: Ի դեպ, հստակեցված է նաև ղեկավարի կարծիքի ձևաչափը, ինչը նախկինում չի եղել: Հաշվի առնելով ուսանողի կատարած աշխատանքը և գիտական ղեկավարի կարծիքը՝ հանձնաժողովը հնարավորություն ունի մագիստրոսական թեզը թույլատրելու պաշտպանության կամ չթույլատրելու, եթե այն չի համապատասխանում սահմանված պահանջներին, կամ հայտնաբերվել է ակադեմիական ազնվության նորմերի խախտում, ինչպես նաև տրամադրելու առավելագույնը 1 շաբաթ ժամանակ՝ թեզը լրամշակելու նպատակով: Նախապաշտպանության արդյունքում պաշտպանության չթույլատրված կամ նախապաշտպանությանը չներկայացած ուսանողը հեռացվում է համալսարանից:
Նախապաշտպանության հանձնաժողովի կողմից աշխատանքը պաշտպանության թույլատրելու դեպքում ուսումնական ստորաբաժանումը կազմակերպում է թեզի արտաքին գրախոսումը, որը ուսումնական ստորաբաժանման որոշմամբ կարող է իրականացվել նաև «կույր» գրախոսման ձևաչափով (գրախոսը չգիտի՝ ում աշխատանքն է գրախոսում, և ով է թեզի գիտական ղեկավարը), ինչը ևս նորամուծություն է:
Փոփոխված են նաև գնահատման չափանիշները: Այսուհետ աշխատանքի շարադրումը և ձևավորումը գնահատվելու են առավելագույնը 2 միավոր, իսկ հետազոտության կատարումն ու արդյունքները՝ 8 միավոր:
Մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման նոր կարգը հնարավորություն կտա առավել արդյունավետ և համակարգված դարձնելու մագիստրոսական թեզի շուրջ տարվող աշխատանքները՝ շարունակելով ապահովել թափանցիկ գործունեություն և որակյալ արդյունքներ:
Նոր կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ: